ՀՍՀ/ԾԱՂԻԿ
ԾԱՂԻԿ, սերմնավոր բույսերի օրգան: Սահմանափակ աճ ունեցող, կարճացած ընձյուղ է. կատարում է միկրո և մակրո-սպորոգենեզի, փոշոտման, բեղմնավորման, սաղմի զարգացման և պտղի գոյացման ֆունկցիա: Առաջանում է տերևներից զուրկ ցողունի՝ ծաղկակոթի վրա: Ծ. կազմված է բաժակից, պսակից, առէջքներից ու վարսանդներից: Բաժակաթերթիկները պաշտպանական ֆունկցիա են կատարում հատկապես մինչև ծաղկելը, հաճախ էլ մասնակցում են ֆոտոսինթեզին: Պսակաթերթիկները կարող են լինել ազատ կամ միաձուլված, տարբեր գույնի, որով գրավում են միջատներին և նպաստում փոշոտմանր: Բաժակը և պսակը միասին կազմում են ծաղկապատյանը: Ծ-ի մեջ բաժակի և պսակի առկայության դեպքում ծաղկապատյանը կոչվում է կրկնակի, իսկ երբ պսակը բացակայում է կամ տարբերություն չկա պսակի ու բաժակի միջև, ծաղկապատյանը պարզ է: Ծաղկավոր բույսերի մեծ մասի Ծ-ներն ունեն հատուկ արտազատող օրգաններ՝ նեկտարանոցներ, որտեղ նեկտար է արտադրվում: Էվոլյուցիայի ընթացքում ծաղկակիրները աստիճանաբար կարճացել են, և ծաղկի մասերն ավելի են մոտեցել բույսին, դրանց զսպանակաձև դասավորությունը տեղի է տվել օղակաձևին: Ծ-ները լինում են կանոնավոր (ակտինոմորֆ), երբ բոլոր ուղղություններով կարելի է դրանք բաժանել սիմետրիկ մասերի: Ակտինոմորֆ Ծ-ներից առաջացել են անկանոն (գիգոմորֆ) Ծ-ները, որոնք 2 մասի կարելի է բաժանել միայն մեկ ուղղությամբ (օրինակ, ոլոռի, շանբերանի Ծ-ները): Հանդիպում են նաև ասիմետրիկ Ծ-ներ, որոնք հնարավոր չէ սիմետրիայի առանցքով բաժանել 2 մասի (օրինակ, կաննայի Ծ.): Ծ. կարող է լինել երկսեռ, երբ առկա են առէջքներն ու վարսանդը, և միասեռ, երբ առկա են միայն առէջքները (արական Ծ.) կամ վարսանդը (իգական Ծ.): Միատուն բույսերում միասեռ 2 Ծ-ներն էլ տեղավորված են նույն բույսի վրա (կաղնի), երկտուն բույսերի (օրինակ, կանեֆի) արական և իգական Ծ-ները տարբեր անհատների վրա են: Պատկերազարդումը տես 136-րդ էջից հետո՝ ներդիրում:
