ՀՍՀ/ԾԱՂԻԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ
ԾԱՂԻԿ, մարդկանց, կաթնասուն կենդանիների և թռչունների սուր վարակիչ վիրուսային հիվանդություն: Ծ. մարդու, բնական Ծ. (Variola Vera), բնորոշվում է բարձր վարակելիությամբ, յուրահատուկ հանգուցա-բշտիկային ցանով (որը լավանալուց հետո թողնում է սպի) և կլինիկական ծանր ընթացքով: Ծ. մարդկությանը հայտնի է շատ վաղուց: XV—XVIII դդ. Ծ-ի համաճարակը Եվրոպայում խլեց հարյուր հազարավոր մարդկանց կյանք և այլանդակեց փրկվածների դեմքերը: Ծ-ի դեմ մղվող պայքարում շրջադարձային եղավ անգլիացի բժիշկ է. Ջենների հայտնաբերած (1796) ծաղկապատվաստման մեթոդը: ՍՍՀՄ-ում 1919-ից ծաղկապատվաստման վերաբերյալ օրենքի պարտադիր կիրառումից հետո հիվանդության դեպքերն սկսեցին նվազել, և 1937-ից Ծ. իսպառ վերացավ: Ներկայումս այն արձանագրվում է Ասիայի, Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի մի շարք երկրներում (1950—72-ին՝ 50—90 հգ. դեպք), և տարածման վտանգը պահպանվում է: Սովետական կառավարությունը 1958-ին առաջարկեց Ծ-ի վերացման համաշխարհային ծրագիր և այդ նպատակին տրամադրեց մեծ քանակությամբ վակցինա: Ծ-ի հարուցիչները քամվող վիրուսներն են, որոնք կայուն են չորացման և ցածր ջերմաստիճանի նկատմամբ: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է: Վիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, հազվադեպ՝ առարկաների (սպիտակեղեն, հագուստ, խաղալիք) միջոցով: Գաղտնի շրջանը 5—17, միջինը՝ 14 օր է: Հիվանդությունն սկսվում է ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ՝ մինչև 40°C, տանջող գլխացավերով, սրտխառնոցով, գոտկատեղի ցավերով: 3-րդ օրվա վերջին դեմքի, վերջույթների, ափերի և ներբանների վրա ի հայտ են գալիս կարմիր բծեր: Հետագա օրերին ցանի տարրերն անցնում են զարգացման մի քանի փուլ՝ հանգույց, բշտիկ, թարախաբշտիկ և այնուհետև կեղևակալում են ու չորանում՝ թողնելով բնորոշ սպի: Կլինիկական ձևերը, ծանր ընթացող՝ միախառնվող Ծ., որի դեպքում ցանի տարրերը միաձուլվում են, արյունազեղային Ծ. («սև ծաղիկ»), որը բնորոշվում է տարբեր օրգաններում և հյուսվածքներում արյունազեղումների առաջացմամբ, ծայրաստիճան ծանր ընթացքով և բարձր մահաբերությամբ, վարիոլոիդ կամ պատվաստվածների Ծ., ընթանում է ոչ բարձր ջերմությամբ, ցանի տարրերն առանձնացված են, չեն անցնում զարգացման բոլոր փուլերը: Գոյություն ունի նաև առանց ցանի Ծ., առանց տենդի Ծ.: Հիվանդությունը թողնում է կայուն իմունիտետ: Բուժումը կատարվում է հակածաղկային գամմա-գլոբուլինով: Կանխարգելումը. հիմնականում՝ ծաղկապատվաստում, միջազգային սանիտարական կանոնների և երկրների սահմանների սանիտարական պաշտպանության միջոցառումների կիրառում: Հիվանդների և նրանց հետ շփված անձանց մեկուսացում, բնակարանի, իրերի վարակազերծում: Հայաստանում բնական Ծ-ի վերաբերյալ տեղեկություններ են տվել Անանիա Շիրակացին (VII դ.), XII դ. Մխիթար Հերացին («Ջերմանց մխիթարություն» աշխատության մեջ այս հիվանդությունը դասել է «բորբոսային ջերմերի» շարքը), XIX դ. բժիշկ Տիգրան Փեշտմանջյանը: Կ. Դեղձունյան
Ծ. կենդանիների, ընթանում է մաշկի և լորձաթաղանթի վրա բնորոշ բշտերի առաջացմամբ: Պատճառում է տնտ. մեծ վնաս (մթերատվության նվազում, անկումներ ևն): Հարուցիչը վիրուս է, ընդ որում, ոչխարների, այծերի, մարդկանց և հավերի Ծ-ի հարուցիչները տարբեր են, իսկ ձիերը, խոզերը և այլ կենդանիներ վարակվում են դրանցից որևէ մեկով: Վարակի աղբյուրը հիվանդ կենդանիներն են և դրանցից ստացված հումույթները: Վարակվում են աերոգեն և ալիմենտար ճանապարհով: Վարակը տարածվում է հիվանդ ու վիրուսակիր, ոչ զգայունակ կենդանիների, խայթող միջատների, վարակված առարկաների, գոմաղբի միջոցով: Գաղտնի շրջանը 3—14 օր է: Ընթացքը՝ սուր, երբեմն՝ ենթասուր և քրոնիկ (լինում է նաև աբորտիվ՝ թեթն ընթացքով Ծ.: Ոչխարների Ծ. (բնորոշ ձևի դեպքում) սկսվում է բարձր ջերմությամբ, նկատվում է ախորժակի անկում, քթի և աչքի լորձաթաղանթի բորբոքում: 3—4 օր հետո մաշկի անմազ կամ սակավամազ հատվածներում առաջանում է կարմրություն և ցան, որն աստիճանաբար վերածվում է հանգույցների, ապա՝ սիսեռի մեծության բշտերի (ծաղկաբուշտ), որոնք լցված են թափանցիկ ու երկնագույն հեղուկով: Հետագայում բշտերը պատռվում են և չորանալով մաշկի վրա առաջացնում կեղ: Հիվանդության վերջին շրջանում կեղերի տակ աճում է նոր հյուսվածք, կեղերը պոկվում են (թեփի ձևով)՝ մաշկի վրա թողնելով կարմիր բծեր կամ սպիներ к ապա՝ պեպեններ: Մյուս կաթնասունների Ծ-ի կլինիկական նշանները հիմնականում նույնն են, ինչ՝ ոչխարներինը: Թռչունների Ծ. ընթանում է մաշկային, դիֆթերիտային և մաշկադիֆթերիտային (խառը) ձևերով: Ծ. ախտորոշում են կլինիկա-էպիգոոտոլոգիական տվյալների և լաբորատոր հետազոտության արդյունքների հիման վրա: Բուժման համար արդյունավետ միջոց չի մշակված: Օգտագործում են անտիբիոտիկներ, օծանելիք են: Կանխարգելման համար սահմանվում է կարանտին, հիվանդներին բուժում են, իսկ պայմանական առողջներին՝ իմունացնում: Կարանտինային սահմանափակումները հանվում են հիվանդության վերջին դեպքից 20 օր հետո: Տես նաև Վարակիչ հիվանդություններ:
Գրկ. Ալեքսանյան Ա. Բ., Ինֆեկցիոն և վիրուսային հիվանդությունների էպիդեմիոլոգիան ու պրոֆիլակտիկան, Ե., 1975: Бароян О. В., Очерки по мировому распространению важнейших заразных болезней человека, 2 изд., М., 1967.
Խ.. Բոյախչյան
