ՀՍՀ/ԾԱՂԿԱԶԱՐԴ
ԾԱՂԿԱԶԱՐԴ, ծառզարդար, ծառոտրուկ, գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն: Կատարվում էր զատկից մի շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի իբր «Երուսաղեմ մտնելու օրվա», երբ նրան դիմավորել են ձիթենու կանաչ ոստերով: Ծ-ի առթիվ եկեղեցական արարողություններն ու ժողովրդական ծեսերը հաստատում են, որ նրա ծագումը չի կապվում քրիստոնեական տոնացույցի հետ, այլ արտահայտում է ծառապաշտությանն առնչվող հնագույն ծիսակարգը: Ծ-ի օրը պատանիները ժողովրդին բաժանում էին եկեղեցում օրհնված ուռենու դալար ոստեր, որոնք պահվում էին մինչև հաջորդ Ծ.: Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն: Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը, ձվատվությունը, դրանք դրվել են խնոցում, մսուրքում, հավանոցում ևն) Ժողովուրդը Ծ. անցկացնում էր զվարճություններով (խաղեր ևն), իսկ պատանիները, շրջելով ժողովրդի մեջ, Ջատկի համար ձու էին հավաքում: Ծ-ի առթիվ նշանվածներին հանդիսավորությամբ տանում էին եկեղեցի և նվերներ հանձնում:
Ա. Օդաբաշյան
