ՀՍՀ/ԾԱՂԿԱՁՈՐ
ԾԱՂԿԱՁՈՐ (ն. Կեչառիս, մինչև 1947-ը՝ Դարաչիչակ), քաղաքատիպ ավան (1958-ից) Հայկական ՍՍՀ Հրազդանի շրջանում, Թեղենիսի արևելյան լանջին, շրջկենտրոնից 5 կմ հյուսիս-արևմուտք: Կլիման մեղմ է, առողջարար: Օգոստոսի միջին ջերմաստիճանը 17,8°C է, հունվարինը՝—6°C, տարեկան տեղումները՝ 600—700 մմ, արևափայլքի տարեկան տեվողությունը՝ 2500 ժ: Ունի 2 միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, կինոթատրոն, կենցաղսպասարկման տաղավար, մսուր-մանկապարտեզ, բուժկայան, հյուրանոց: Ծ. Սովետական Միության պիոներ-դպրոցականների ամառանոցներից է, լեռնակլիմայական առողջավայր: Ծ-ում է գտնվում ՍՍՀՄ գլխավոր օլիմպիական բազան: Գործում են մանկական առողջարանը, «Ծաղկաձոր» մոր և մանկան հանգստյան տունը, արհմիությունների, հիմնարկների, գործարանների և ֆաբրիկաների պիոներական ճամբարներ, Հայաստանի գրողների միության հանգստյան տունը ևն: Ծ. հնում կոչվել է Ծաղկոցաձոր (հետագայում՝ Ծաղկունյաց ձոր) և մտել Մեծ Հայքի վարաժնունիք գավառի մեջ: Այն պատկանում էր Վարաժնունի նախարարությանը: Եղել է Հայոց Արշակունի թագավորների ամառանոցը: IX դարից հետո պատկանել է Պահլավունի տոհմին (որոնք կառուցել են Կեչաոիսի վանքը), իսկ Զաքարյանների ժամանակ՝ Պռոշյաններին: Ծ. հայտնի էր իր պղնձահանքերով: XVI դ. Ծ. վերանվանվել է Դարաչիչակ ( որը Ծաղկունյաց ձորանվան թուրք, թարգմանությունն է): Պարսկ. տիրապետության շրջանում Ծ. սարդարի ամառանոցն էր: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, 1828—1829-ին, Պարսկաստանից և Թուրքիայից գաղթած հայ բնակիչներ են հաստատվել Ծ-ում: Անցյալում, ամռան ամիսներին, Ծ. են տեղափոխվել Երևանի պետ. հիմնարկները: Ծ. ավանի առաջին գլխավոր հատակագիծը կազմվել է 1948-ին: 1970-ին մշակվել է նոր գլխավոր հատակագիծ՝ 1980-ի հաշվարկային ժամկետով (ճարտ. Հ. Բերբերյան): Նոր կառուցապատումը հովեկա-ճամբարային բնույթ ունի: Բացվել են նոր, լայն ու բարեկարգ փողոցներ (Պիոներական, Ծաղկաձորյան, Մայիսյան ևն): Լայն թափ է ստացել բնակարանային շինարարությունը (4—5 հարկանի շենքեր): Ծ-ում է ծնվել Լ. Օրբելին, այստեղ է նրա Հ, Օրբելու տուն-թանգարանը: Ապրել և գործել են Գրիգոր Մագիստրոսը, վեցիկ Վարպետը, խաչատուր Կեչառեցին:
