Jump to content

ՀՍՀ/ԾԱՂԿԱՎՈՐ ԲՈՒՅՍԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾԱՂԿԱՎՈՐ ԲՈՒՅՍԵՐ, ծածկասերմեր (Magnoliophyta կամ Angiospermae), բույսերի ամենակատարելագործված և գերիշխող տիպը արդի երկրաբանական ժամանակաշրջանում: Տարածված են ամենուրեք, բացառությամբ մամռատունդրաների և մերկասերմ անտառների: Հայտնի է Ծ. բ-ի մոտ 250 հզ. տեսակ: Դրանք կենդանի էակների գոյության հիմքն են և կարևոր դեր են խաղում մթնոլորտի գազային ռեժիմի կարգավորման, հողի քիմիզմի, երկրի մակերևույթի ռելիեֆի ձևավորման, քարածխի առաջացման պրոցեսներում: Ծ. բ-ի նշանակությունը շատ մեծ է մարդու տնտ. կյանքում, տասնյակ հագար տեսակներ կիրառվում են գյուղատնտեսության և արդյունաբերության տարբեր բնագավառներում, երկրի ժող. տնտեսության զարգացման հիմնական ֆոնդերից են: Ծաղիկը առաջինն է ի հայտ գալիս այս տիպի բույսերում և ապահովում խաչաձև փոշոտումը: Ծ. բ-ին բնորոշ է կրկնակի բեղմնավորումը, տրիպլոիդ էնդոսպերմը: Ծ. բ-ի առանձնահատկություններից է վարսանդի առկայությունը, որն առաջացել է ծայրերով միաձուլված մեկ կամ մի քանի պտղատերևներից, որոնց ներսում զարգանում են սերմնասկզբնակները: Բեղմնավորումից հետո սերմնարանը վեր է ածվում պտղի, իսկ սերմնասկզբնակը՝ սերմի: Այսպիսով, սաղմը և սերմը զարգանում են սերմնարանի և պտղի պաշտպանության ներքո: Այստեղից՝ «ծածկասերմեր» անվանումը: Վարսանդի առաջացման հետ սերմնասկզբնակի կառուցվածքն ավելի է պարզացել, փոքրացել են չափերը, նվազել է հ-նտեգումենտների թիվը, իսկ սերմնասկզբնակների թիվն աճելով՝ երբեմն կարող է հասնել մի քանի տասնյակ հազարի: Ծ. բ-ի առաջացման ճշգրիտ ժամանակը պարզված չէ, սակայն դրանց հետքերն ու մնացորդները փոշեհատիկի, բնափայտի, տերևների ձևով հայտնաբերվել են դեռևս յարայի շրջանի նստվածքներում: Ծ. բ. լայնորեն տարածվել են կավճի շբջանում, ըստ որում, կարճ ժամանակում իշխել են Երկրի բուսական ծածկույթում: Մ. Գոլենկինը այդ բույսերի հանկարծակի առաջացումը բացատրում է կոսմոգեն պատճառներով: Կավճի միջին շրջանում Երկիրը ծածկող խիտ ամպերը ցրվել են, և արևի ճառագայթները հասել են մեր մոլորակի մակերևույթին, որի հետ կապված Փոփոխվել են լույսի ռեժիմը, օդի խոնավությունն ու չորությունը: Ծ. բ. էվոլյուցիոն առումով լինելով ավելի պլաստիկ և ձեռք բերելով հարմարվողական նոր հատկանիշներ՝ սկսել են արագ տարածվել ամբողջ երկրագնդում: Ծ. բ-ի առաջացման վայրի մասին եղել են տարբեր տեսություններ, հիպոթեզներ (Չ. Դարվին, Ա. Գրեյ, Գ. Հալիր): Ակադեմիկոս Ս. Թախտաջյանը գտնում է, որ Ծ. բ-ի հաղթանակի հիմնական գաղտնիքը նրանց կենսաբանական առանձնահատկությունների ու էվոլյուցիոն պլաստիկության և, ամենակարևորը, ծածկասերմ լինելու մեջ է: Նա գտնում է, որ Ծ. բ. զարգացել են արևադարձային գոտու լեռներում (1000—1500 մ), որտեղից և սկսել են տարածվել դեպի բարեխառն երկրներն ու հս.: Ծ. բ-ի նախնիները դեռևս հայտնաբերված չեն, սակայն ստրոբիլայի և տեսության հեղինակների մեծ մասն այն կարծիքին է, որ դրանք եղել են բենետիտների տիպի մերկասերմ բույսեր: Աակայն Ծ. բ. չէին կարող անմիջապես առաջանալ բենետիտներից, քանի որ դրանց պտղաթերթիկներն ավելի պարզ կառուցվածք ունեն: Հավանաբար նախնիները եղել են բենետիտների մեռած, միջանկյալ ձևերը կամ մերկասերմերը: