ՀՍՀ/ԾԱՌԱ
ԾԱՌԱ, 1. լայն առումով՝ անազատ, հպատակ: 2. Հասարակական խավ հին և միջնադարյան Հայաստանում: Ծ-ները ստրկական վիճակում էին: Կին Ծ. կոչվել է աղախին: Ծ-ներն աշխատել են արքունիքում, իշխանների տներում՝ որպես նաժիշտներ, դայակներ, արհեստավորներ, երկրագործներ, անասնաբույծներ ևն: Միջնադարյան Հայաստանում նրանք աշխատում էին նաև ֆեոդալների տնային տնտեսություններում, ագարակներում: Ծ-ները ձեռք էին բերվում պատերազմների, առուծախի, նվիրատվության, պարտային ծառայագրման միջոցով: Ծ. և նրա ընտանիքը ֆեոդալի սեփականությունն էր, նա առանց տիրոջ համաձայնության չէր կարող ազատվել ծառայությունից, պաշտոն վարել, ամուսնանալ, վկայություն տալ դատարանում: Տերը կարող էր պատժել, ընդհուպ սպանել հանցապարտ Ծ-ին: Տեղաշարժման իրավունքից զրկված լինելով՝ Ծ-ները հաճախ փախչում էին տերերից: Ըստ Մխիթար Գոշի, Ծ. կարող էր ազատվել վեցամյա ծառայությունից հետո: Ծ. ուներ գույքային սեփականություն ձեռք բերելու, ժառանգելու և օտարելու իրավունք: Ծ. են կոչել նաև վասալ ազատներին:
