Jump to content

ՀՍՀ/ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ, օգտակար աշխատանքային գործունեության տեսակներ, անմիջաբար բավարարում են մարդկանց անձնական և հասարակական պահանջմունքները: Ընդգրկում են՝ բնակարանային-կոմունալ տնտեսությունը, բնակչության կենցաղսպասարկումը, տրանսպորտը (մարդատար), կապը (կազմակերպությունների և բնակչության ոչ արտադրական գործունեության ոլորտը սպասարկող), առողջապահությունը, ֆիզիկական կուլտուրան, սոցիալական ապահովությունը, լուսավորությունը, մշակույթը, արվեստը, վարկավորումը, պետ. ապահովագրությունը, ոչ արտադրական վարչական կառավարումը են: Ծ-ի ոլորտում աշխատանքի ներգործության օբյեկտը մարդն է: Աշխատանքն այստեղ տնտ. իմաստով չի նյութականացվում: Ծ-ի մի մասն աշխատանքի օգտակար հատկության, դրա առանձնահատուկ սպառողական արժեքի գործադրում է՝ մարդկանց այս կամ այն պահանջմունքները բավարարելու համար (արվեստի աշխատողների, դասախոսների, ուսուցիչների, բժիշկների գործունեություն են): Որոշ Ծ. սպասարկում են նյութական բարիքների բաշխումը, փոխանակությունը և սպառումը կամ հանդես են գալիս հասարակական-քաղաքական ֆունկցիաների ձևով: Ծ-ի ոլորտում նույնպես օգտագործվում են նյութատեխնիկական միջոցներ, սակայն արդյունքները չեն ընդունում առարկայական ձև, չեն ստանում իրենց կատարողներից անկախ իրային կեցություն (բացառություն են կազմում գրագրությունները): Դրանց կատարումն ու սպառումը տեղի է ունենում միաժամանակ: Ծ-ի կատարումն իրականացվում է ազգային եկամտի վերաբաշխման հիման վրա: Ապրանքափողային հարաբերությունների պայմաններում Ծ. ընդունում են ապրանքային ձև. վաճառվում են որպես առանձնահատուկ ապրանք: Դրանք ունեն սպառողական արժեք (երևակայելի և իրական) և փոխանակային արժեք՝ գին, բայց արժեք չունեն: Ծ-ի գինը գնի կեղծ ձն է, այն ապրանքի արժեքի փողային արտահայտությունը չէ: ՍՍՀՄ-ում և սոցիալիստական մյուս երկրներում Ծ. վճարովի և անվճար են: Դրանց ծավալն արտահայտվում է բնաձևային (սպասարկված մարդկանց թիվը) և դրամական (արժեքային) ցուցանիշներով: Վճարովի Ծ-ի արժեքային ամփոփ ցուցանիշը իրացված Ծ-ի գների գումարն է, իսկ անվճարինը՝ մատուցված Ծ-ի ինքնարժեքը: ՍՍՀՄ-ում օգտագործվում են «սպասարկման ոլորտ» և «սպառողական ծառայություններ» հասկացությունները: Առաջինն ընդգրկում է ամբողջ զուտ Ծ. և կենցաղսպասարկման արտադրական բնույթի Ծ., իսկ երկրորդը՝ միայն վճարովի Ծ.: Բնակչության անվճար սպասարկման համակարգը դիտվում է որպես սպասարկման ոլորտ: Կապիտալիստական հասարակարգումանձնական բոլոր տեսակի սպասարկումները (նյութական և ոչ նյութական) դիտվում են որպես Ծ.: Տես նաև Ոչ արտադրական ոլորտ:

Վ. Ներկարարյան