ՀՍՀ/ԾԱՐ ԳԱՎԱՌ
ԾԱՐ, համանուն կենտրոնով գավառ Մեծ Հայքի Արցախ (Խաչեն) նահանգում: Սկզբնապես ընդգրկում էր Տրտու (Թարթառ) գետի ակունքները: Այսպես էր կոչվում հին Վայկունիքը XI—XII դդ., երբ նրա տերերը նստում էին Ծար ավանում: Ծ-ի արլ. սահմանն անցնում էր Դադիվանքի կողքով՝ ընդգրկելով Լևոնաբերդը, Թարթառի աջափնյա լեռնային մասը, ներառյալ Խադավանք-Խաթրավանքը և վաղուհաս գյուղը: Հվ-ից սահմանակից էր Սյունիքին (Զհրմուկի մոտ), արմ-ում սահմանն անցնում էր Սևանի ավազանը Թարթառի ակունքներից բաժանող Ռմբոստյան լեռնաշղթայով, հս-ում ընդգրկում էր Մռավ լեռան հս. լանջերը՝ Քյուրակ և Շամքոր գետակներով: Ծի կամ Վերին խաչենի իշխանության ժամանակ (Դոփի ու նրա ժառանգների իշխանապետության օրոք) «Ծար» կամ «Ծարի երկիր» էին կոչվում իշխանության բոլոր տիրույթները՝ բուն Ծար-Վայկունիքն ու Սևանի արլ, ափը (հվ-արմ-ում ընդգրկելով Շողվագ բնակավայրը, հս-արլ-ում՝ Արցախի Կողթ գավառը): Հաթերքի տեր Վախտանգի մահից (1220-ական թթ.) հետո Ծ-ի մեջ էր մտնում նաև վերին խաչենի իշխանությանն անցած Հաթերք գավառի մեծ մասը՝ Հաթերք ավանը, Դադիվանքը և շրջակա հողերը: Բան Ծ-ի նշանավոր բնակավայրերից աղբյուրներում հիշատակված են Ծար, Ակնա ավանները, Վաղուհաս, Գետաշեն, Դարբնոց և այլ գյուղերը, բերդերից՝ Հավքախաղացը, Հանդաբերդը կամ Լևոնաբերդը: Եպիսկոպոսանիստն էր Խադավանք-Խաթրավանքը: XVII դարից բացառապես հայաբնակ Ծ-ի հին գյուղերում աստիճանաբար բնակություն են հաստատել Պարսկաստանի խորքերից գաղթեցված քոլանի քրդերը:
Գրկ. Բարխուդարյան Մ., Արցախ. Բաքու, 1895: Ուլուբաբյան Բ., Խաչենի իշխանությունը X—XVI դարերում, Ե., 1975: Բ. Ուլուբաբյան
