Jump to content

ՀՍՀ/ԾԵՐՈՒՆ ԾԱՂԿՈՂ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾԵՐՈՒՆ ԾԱՂԿՈՂ (ծն. և մահ. թթ. անոտ.), հայ գրիչ և մանրանկարիչ, Վասպուրականի մանրանկարչության դպրոցի նշանավոր ներկայացուցիչ: Ապրել և ստեղծա-գործել է XIV դ. 2-րդ կեսին և XV դ. սկզբին՝ Ոստան գյուղաքաղաքում: Հոր անունը՝ Ստեփանոս, մորը՝ էլ Խաթուն: Նկարչի կինը՝ Արղունը, օգնել է կոկելու ձեռագրերի թերթերը: Երևանի Մեսրոսյ Մաշտոցի անվ. Մատենադարանում պահպանվում են Ծ. Ծ-ի ընդօրինակած և պատկերազարդած հինգ ձեռագրեր՝ Մատյան ողբերգության, 1390 թ., ձեռ. 4938, Ավետարան, 1391 թ., ձեռ. 8772, Մատյան ողբերգության, 1391 թ., ձեռ. 1874, ճառընտիր, 1401 թ., ձեռ. 4670, Ավետարան, 1412 թ., ձեռ 4157: Նրա պատկերազարդած մեկ ձեռագիր (Ավետարան, 1395 թ.) գտնվում է է Լենինգրադում (Էրմիտաժ, vp 10.10): Ծ. Ծ-ի անվան հետ է կապվում վասպուրականի մանրանկարչության ճյուղավորումներից մեկը՝ Ծերունյան դպրոցը: Նրա մանրանկարներում առավել հատկանշականը հորինվածքների կառուցման, այսպես կոչված՝ իզոկեֆալային եղանակի (դեմքերի տեղադրումը միևնույն մակարդակի վրա) կիրառումն է և, հատկապես, կոնկրետացման ձգտումը, որ գալիս է ժողովրդական արվեստի պատկերացումներից ու առանձնահատկություններից: Ծ. Ծ-ի աշխատանքներին բնորոշ են հստակ ու ավարտուն գծանկարը, պայծառ ու մաքուր գույները:

Գոկ. Հակոբյան Հ, Հ., Ծաղկող Ծերուն քահանա, «Էջմիածին», 1974, 3: Свирин А.Н., Миниатюра древней Армении, М, 1939 Дурново Л. А., Краткая история древнеармянской живописи, Е., 1957 Измайлова Т.А., Армянские иллюстрированные рукописи Гос. Эрмитажа (каталог), Л., 1968, Հ. Հակոբյան