Jump to content

ՀՍՀ/ԾԻՐ ԿԱԹԻՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾԻՐ ԿԱԹԻՆ, Հարդագողի ճանապարհ, գրեթե մեծ շրջանով երկնոլորտը հատող դիֆուզային սպիտակավուն շերտ, մեր Գալակտիկան: Բևեռը գտնվում է Վերոնիկայի վարսեր համաստեղությունում: Կազմված է թույլ պայծառության աստղերի բազմությունից, որոնք անզեն աչքով չեն առանձնացվում: Ծ. կ-ի դիտվող պատկերը այն բանի հետևանքն է, որ դիտորդը, գտնվելով Գալակտիկայի ներսում, աստղային այդ համակարգը պրոյեկտում է երկնքի վրա: Գալակտիկայում աստղային կուտակումները և անհամաչափ բաշխվածության մութ միգամածությունները լույսը կլանում են, և Ծ. կ. երևում է միգամածային տեսքով (շերտի լայնությունը՝ 5—30): Ծ. կ. անվանումը կապված է հունական դիցաբանության հետ, ըստ որի, երկնքում թափվել և տարածվել է Հերկուլեսին կերակրող Հերա աստվածուհու կաթը: Ըստ հայկ. դիցաբանության, ուժի և քաջության աստված Վահագնը ասուրական Բարշամ (Բել) աստծուց հարդ է գողացել, որը տանելիս մասամբ թափվել է, առաջացնելով սպիտակ գոտի՝ «հարդագողի ճանապարհ»: Անանիա Շիրակացին, քննադատելով Ծ. կ-ի առաջացման մասին առասպելները, գտնում է, որ Ծ. կ. կազմված է աստղերի բազմությունից, որոնք շատ աղոտ են, և որոնց լույսը երևում է միաձույլ: