ՀՍՀ/ԾՆՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԾՆՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, օրենքով ծնողներին վերապահված անձնական և գույքային իրավունքներ ու պարտականություններ՝ զավակների դաստիարակությունն ու նյութական կարիքներն ապահովելու, ինչպես նաև նրանց իրավունքներն ու շահերը պաշտպանելու նպատակով: ՍՍՀՄ-ում ծնողները, անկախ ամուսնալուծությունից, իրենց զավակների նկատմամբ ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: Նրանք պարտավոր են, մինչև երեխաների չափահաս դառնալը, հոգալ նրանց ֆիզիկական և բարոյական զարգացման մասին, նրանց դաստիարակության բոլոր հարցերը լուծել փոխադարձ համաձայնությամբ, իսկ վեճի դեպքում՝ խնամակալության և հոգաբարձության մարմինների միջոցով: Անջատ ապրող ծնողների վեճը, թե ում մոտ պետք է ապրի երեխան, լուծում է դատարանը՝ ելնելով նրա շահերից: Այս դեպքում պահպանվում է երեխայի հետ շփվելու ծնողի իրավունքն ու դաստիարակությամբ զբաղվելու պարտականությունը: Ծնողները, որպես իրենց զավակների օրինական ներկայացուցիչներ, նրանց շահերի պաշտպանությամբ հանդես են գալիս առանց հատուկ լիազորությունների: Նրանք պարտավոր են հոգալ անչափահաս է չափահաս անաշխատունակ զավակների կարիքները (տես ալիմենտ): Ծնողների իրավունքն է ետ պահանջել առանց օրինական հիմքի կամ դատարանի վճռի ուրիշի մոտ ապրող իրենց երեխային: Ծնողական իրավունքները չարաշահող, երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերող, բարոյազուրկ, իրենց հակահասարակական վարքով բացասական ազդեցություն թողնող, ինչպես նաև հարբեցող կամ թմրադեղամոլ ծնողներին դատարանն իրավասու է զրկելու ծնողական բոլոր իրավունքներից (երեխայի դաստիարակության, չափահաս զավակից ապրուստի միջոց պահանջելու, նրա գույքը ժառանգելու իրավունք ևն): Ծնողական իրավունքներից զրկված ծնողը երեխաների ապրուստը հոգալու պարտավորություններից չի ազատվում: Ծնողական իրավունքները, ծնողի վարքում և կենցաղում անհրաժեշտ դրական փոփոխությունների դեպքում, դատարանի վճռով կարող են վերականգնվել:
