ՀՍՀ/ԾՈՎԱՅԻՆ ՆՍՏՎԱԾՔՆԵՐ
ԾՈՎԱՅԻՆ ՆՍՏՎԱԾՔՆԵՐ, նստվածքներ ծովերի և օվկիանոսների հատակում: Տերմինը կիրառվում է ինչպես նեղ (միայն ծովերի), այնպես էլ լայն (Համաշխարհային օվկիանոսի) առումով: Վերջին դեպքում Ծ. ն. ընդգրկում են նաև օվկիանոսային նստվածքները: Ծ. ն. կազմված են տարբեր ծագման նստվածքային նյութից, տերիգեն (ցամաքից բերված), բիոգեն (ծովային օրգանիզմների կենսագործունեության հետևանքով առաջացած), հրաբխային (ստորջրյա և վերերկրյա հրաբուխներից արտավիժած), քեմոգեն (ծովի ջրից քիմ. կամ կենսաքիմ. ճանապարհով գոյացած): Ըստ այս կամ այն բաղադրիչի գերակշռման Ծ. ն. լինում են՝ տերիգեն, բիոգեն, հրաբխածին, քեմոգեն: Կախված ծովային ավազանների չափերից, կլիմայական պայմաններից և այլ գործոններից՝ ձևավորվում են տարբեր կազմի ու ծագման Ծ. ն.: Լայնորեն տարածված են տերիգեն նստվածքները (բեկորային, կավային): Բարեխառն հումիդային խոր ծովերում առաջանում են դիատոմային, արևադարձային գոտոլ ծովերում՝ բիոգեն (կորալային, խեցաքարային, ֆորամինիֆերային), արիդային զոնաների ներցամաքային ծովերում՝ քեմոգեն (կարբոնատային, հալոգեն) նստվածքներ: Ծ. ն. մեծ մասամբ պարունակում են ֆաունայի և ֆլորայի մնացորդներ, որոնք առատ են ծանծաղ և հազվադեպ՝ խոր նստվածքներում:
