Jump to content

ՀՍՀ/ԾՈՎԱՍՏՂԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾՈՎԱՍՏՂԵՐ (Asteroidea), փշամորթների տիպի անողնաշարավոր կենդանիների դաս: Մարմինը տափակ է, աստղաձև կամ բազմաճառագայթ: Մեծությունը՝ 1 սմ-ից մինչև 1 մ: Լինում են մանուշակագույն, կապույտ, կանաչ, դարչնագույն, երբեմն՝ սև: Յուրաքանչյուր ճառագայթի վրայով անցնում է ակոս, որի մեջ չորս շարքով նստած են ծծաններով օժտված ոտիկները, որոնք շարժման, մասամբ՝ շնչառության համար են: Մարմնի օրալ կողմում գտնվում է բերանը, աբօրալում՝ անալ անցքը: Մեծամասնությունը բաժանասեռ է, զարգանում են կերպարանափոխությամբ, կան նաև կենդանածիններ: Հայտնի է ավելի քան 1500 տեսակ, որից 150-ը հանդիպում է նաև ՍՍՀՄ ծովերում (բացի Ազովի և Կասպից ծովերից): Հատակային կյանք են վարում, ունեն ռեգեներացիայի (վերականգնման) ընդունակություն: Գիշատիչ են, սնվում են երկփեղկ փափկամորթներով, ոչնչացնում են արդյունագործական նշանակություն ունեցող ոստրեներին և ուրիշ փափկամորթների: