ՀՍՀ/ԾՈՎԻՆԱՐ ԳՅՈՒՂ
ԾՈՎԻՆԱՐ, գյուղ Հայկական ՍՍՀ Մարտունու շրջանում, Սևանա լճի հարավային ափին, Երևան—Վարդենիս ավտոճանապարհի մոտ, շրջկենտրոնից 15 կմ հյուսիս-արևելք: Պտղա-անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, ծխախոտի, կարտոֆիլի մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, մսուր-մանկապարտեզ, կինո, բուժկայան: Ծ. և Ալիչալու գյուղերի միջև, Սևանի հվ. ափին, բարձունքի վրա գտնվում են Ուրարտուի Ռուսա I թագավորի (մ. թ. ա. մոտ 735— 713) կառուցած ամրոցի (կոչվել է «Թեյշեբա աստծո քաղաք») ավերակները: Պահպանվել են ամրոցը շրշափակած պարըսպի բազալտե հաստ (տեղ-տեղ՝ մինչև 3,2 մ) հիմնապատերը, որոնց վրա, ենթադրվում է, բարձրացել են հում աղյուսից շինված պարսպապատեր: Ամենաբարձր մասում միջնաբերդն է, որը հս-արմ. կողմից ունի մուտք: Բնակարանները եղել են քառանկյուն: Ծ-ի ամրոցը եղել է վարչական կենտրոն (1915-ին այստեղ գտնվել են ուրարտ. 2 կոնաձև կնիք), ռազմ, խոշոր հենակետ և համարվում է ուրարտ. շրջանի կառույցների լավագույն օրինակ: Ամրոցից ներքև, դժվարամատչելի ժայռի վրա (լճի կողմից) գտնվում է Ռուսա 1-ի թողած արձանագրությունը, որը 1862-ին հայտնաբերել և 1863-ին հրապարակել է Մ. Սմբատյանցը, այնուհետև այն ուսումնասիրել են Մ. Նիկոլսկին, Գ. Ղափանց-յանը, Ի. Մեշչանինովը և ուրիշներ: Ըստ այդ արձանագրության, Ռուսա 1-ը մեծ արշավանքով նվաճել է 23 երկիր, կառուցել ամրոցներ, ձեռք բերել ստրուկներ, կործանել բնակավայրեր: Ամրոցի շրջակայքի բլուրների վրայի ուրարտ. դամբարանները մեծ մասամբ ավերված են: Ծ-ի ամրոցը մասնակիորեն սյեդել և ուսումնասիրել են Բ. Պիոտրովսկին և Լ. Գյուզալյանը:
Գրկ. Пиотровскйа Б. Б., Ванское царство (Урарту), М., 1959.
Հ. Մնացականյան, Ս. Խաչատրյան
