Jump to content

ՀՍՀ/ԾՈՒՅԼԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾՈՒՅԼԵՐ (Bradypodidae), թերատամնավորների կարգի կաթնասունների ընտանիք: Մարմնի երկարությունը 50—64 սմ է, քաշը՝ 4—7 կգ: Առջևի վերջավորությունները ետևիններից երկար են: Մատննրն ունեն հզոր, մանգաղաձև ճանկեր: Պարանոցը շաժուն է, 6—9 ողներից կազմված, որն ապահովում է գլխի պտույտը մինչև 270: Ունեն 18 ատամ, 14—24 զույգ կող: Մազածածկը երկար է, գորշ մոխրագույն, հաճախ կանաչավուն երանգով, որը պայմանավորված է նրանց մեջ աճող ջրիմուռներով: Լավ զարգացած են տեսողությունը, հոտառությունը: Մարմնի ջերմաստիճանն անկայուն է՝ 24—35°C: Հայտնի են 2 սեռ, 7 տեսակ: Տարածված են Հարավային և Կենտրոնական Ամերիկայում: Ապրում են արևադարձային անտառներում: Ակտիվ են գիշերը: Հորիզոնական դիրքով կախվում են ծառերի ճյուղերից: Լինում են միայնակ, հազվադեպ՝ զույգերով: Բազմանում են տարին 1 անգամ, ունենում 1 ձագ: Սնվում են տերևներով, ընձյուղներով, մրգերով:

Բ. Մարտիրոսյան