ՀՍՀ/ԾՎԾՎԱՆՆԵՐ
ԾՎԾՎԱՆՆԵՐ (Certhia), ծվծվանների ընտանիքի թռչունների սեռ: Փոքր թռչուններ են, մարմնի երկարությունը՝ 11—17 u մ, քաշը՝ 8—10-ից մինչև 20—25 գ: Կտուցը երկար է, բարակ, կեռացած, քթանցքերը ծածկված են կաշվե հավելվածներով: Թևերը կլորացած են: Մեջքը գորշ մոխրագույն է, բծավոր, փորիկը՝ սպիտակ: Փետուրները խիտ են, փափուկ, իսկ պոչինը կոշտ են, սուր գագաթներով և հենարան ենծառայում ծառի բնի վրայով բարձրանալիս: Արևադարձային տեսակները վառգունավորված են: Հայտնի է 5 տեսակ՝ տարածված Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի, Ամերիկայի անտառներում, ՍՍՀՄ-ում՝ 3 տեսակ, որից սովորական Ծ. (C. familiaris) ապրում են նաև ՀՍՍՀ-ում: Սնվում են ծառերի վրայի միջատներով, սարդերով: Բնադրում են փչակներում, առանձին տեսակներ՝ ծառերի ճյուղերին: Դնում են 4—7 ձու: Թխսում է էգը՝ 14—15 օր: Ձմռանը չվում են:
