Jump to content

ՀՍՀ/ԾՐԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՍՏՈՑՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾՐԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՍՏՈՑՆԵՐ (ԾԿՀ), էլեկտրոնային կառավարման համակարգով ունիվերսալ ավտոմատացված անպատճեն հաստոցներ, որոնց աշխատանքային օղակների անհրաժեշտ տեղափոխությունների մասին ինֆորմացիան տրվում է որպես թվային նշանակումների կամ սիմվոլների պայմանական համակարգով կոդավորված ծրագիր: Ծրագիրը մատուցվում է «ընթերցող» սարքին, որտեղ վերափոխվում է համապատասխան իմպուլսների և կառավարման մեխանիզմների միջոցով հաղորդվում հաստոցի աշխատանքային օղակների հաղորդակներին: ԾԿՀ լինում են՝ մշակման ցիկլի և ռեժիմների ծրագրավորմամբ ու թվային ծրագրային կառավարման (տես Ծրագրային կառավարում): Առաջին խմբի հաստոցների համակարգերն ապահովում են աշխատանքային օղակների հաղորդակների մեխանիզմների միացումները՝ ծրագրով տրված հաջորդականությամբ: Այդ օղակների անհրաժեշտ տեղաշարժերն ապահովվում են շարժական հենակների համապատասխան տեդակայմամբ, որոնք ծայրային անջատիչների միջոցով ըստ տրված ծրագրի միացնում կամ անջատում են հաստոցի մեխանիզմները: Թվային ԾԿՀ-ի համակարգերում անհրաժեշտ ինֆորմացիան տրվում է թվային տեսքով և պայմանական կոդով գրանցվում ծրագրակրի վրա: Այդ համակարգերը դասակարգվում են՝ ըստ ինֆորմացիայի հոսքերի թվի (բաց, փակ, ինքնալարվող), համակարգի նշանակության՝ դիրքային (կոորդինատային), աստիճանային (ուղղանկյուն, գծային) և ֆունկցիոնալ (ուրվագծային, անընդհատ) կառավարման, ծրագրակրի աեսակի՝ երկարատև (ծակուոկեն և մագնիսական ժապավեններ ու քարտեր, մագնիսական թմբուկ, կինոժապավեն ևն) և կարճատև (պտտվող անջատիչներ, շտեկերային և կոճակային կոմուտատորներ, ծրագրային հրամանաապարատներ ևն) արտաքին հիշողության: ԾԿՀ դասակարգվում են նաև ըստ աշխատանքային օղակների տեղաշարժերի սահմանափակման սկզբունքի՝ իմպուլսային, անալոգային, կոդային (համընկնման սխեմաներով), ճանապարհային, ժամանակային, աշխատանքային օղակների իրական տեղաշարժերի չափման սկզբունքի (բացարձակ և համեմատական, միահաշվանք և երկհաշվանք, անմիջական և անուղղակի, մեխանիկական, էլեկտրական, օպտիկական և համակցված չափիչ սարքերով), համակարգի ճշտության (6 դաս): Ծրագրային կառավարման համակարգերն ունենում են ծրագրի մուտքի (ծրագիրն ընթերցող և այն կառավարման ազդանշանների վերածող), միջանկյալ հիշողության (ստացված ազդանշանները հիշող և պահող), համեմատիչ (աշխատանքային օղակի ծրագրով տրված և փաստացի տեղաշարժերը համեմատող) սարքեր, գործադիր մեխանիզմ (ստացված կառավարման ազդանշաններն աշխատանքային օղակի անհրաժեշտ տեղաշարժերի վերածող) և ետադարձ կապի հանգույց (աշխատանքային օղակի փաստացի տեղաշարժերը չափողևհամեմատիչ սարքին համապատասխան ազդանշան հաղորդող): ԾԿՀ արդյունավետ են՝ մշակվող դետալի փոփոխման հետ փոխվում է մշակման ծրագիրը, առանց հաստոցի զգալի փոփոխությունների: ԾԿ տ-ի կիրառումը թույլ է տալիս ավտոմատացնել անգամ հատային արտադրությունը, կիրառել բազմահաստոցային սպասարկում կառավարման մեկ վահանից, կազմակերպել ծրագրերի կենտրոնացված կազմում, բարձրացնել սարքավորումների օգտագործման գործակիցը, կիրառել կտրման առավել շահավետ ռեժիմներ, կրճատել օժանդակ ժամանակը, բարձրացնել մշակման արտադրողականությունը՝ բարձր ու կայուն որակի պայմաններում ևն: ՀՍՄՀ-ում ԾԿ՝Հ նախագծվում և արտադրվում են մետաղահատ հաստոցների ԳՀԻ-ի անդրկովկասյան մասնաճյուղում (Երևան), Կիրովականի ճշգրիտ հաստոցների, Չարենցավանի, Երևանի Ֆ. է. Զերժինսկու անվ. հաստոցաշինական գործարաններում: Տես նաև Ծրագրավորում:

Ս. Ճենտերեճյան