ՀՍՀ/ԿԱԴԵՏՆԵՐ
ԿԱԴԵՏՆԵՐ (ռուս, конституционные демократы— սահմանադրական դեմոկրատներ, պաշտոնապես՝ «ժողովրդական ազատության կուսակցություն»), հակահեղափոխական լիբերալ-միապետական բուրժուազիայի գլխավոր կուսակցությունը Ռուսաստանում: Ստեղծվել է 1905—1907-ի ռուսական հեղափոխության ընթացքում: Կենտրոնական օրգաններն էին «Ռեչ» («речь») թերթը և «Վեստնիկ պարտիի նարոդնոյ սվոբոդի» («Вестник партии народной свободы») ամսագիրը, ղեկավար գործիչները՝ Պ. Միլյուկովը, Ա. Կոլյուբակինը, Վ. Մակլակովը, Ա. Շինգարյովը, Պ. Ստրոլվեն, Ֆ. Ռոդիչեը, իշխաններ Պավել և Պյոտր Դոլգորոլկիները, Ա. Կոռնիլովը: Ծրագիրը նախատեսում էր Ռուսաստանում ստեղծել սահմանադրական միապետություն: Կ. ղեկավար դեր կատարեցին I, II Պետական դումաներում, III, IV-ում, ըստ էության, պաշտպանեցին ցարական կառավարության քաղաքականությունը՝ դաշնակցելով օկտյաբրիստների հետ: 1915-ին Կ-ի ղեկավարությամբ ստեղծվեց դումայական «առաջադիմական բլոկ», որի ծրագիրը նպատակամղված էր կանխել հեղափոխությունը և «պատերազմը հասցնել մինչև հաղթական վախճան»: 1917-ի փետրվարյան հեղափոխությունից հետո Կ-ները (Միլյուկով, Շինգարյով, Նեկրասով, Մանույլով), անցնելով իշխանության գլուխ, արեցին ամեն ինչ, որպեսզի խանգարեն հեղափոխության զարգացումը: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Կ. քաղաքացիական կռիվների, հակասովետական խռովությունների կազմակերպիչներ են եղել: Ժողկոմսովետի 1917-ի նոյեմբ. 28 (դեկտեմբ. 11) ի դեկրետով Կ. հայտարարվեցին ժողովրդին թշնամի կուսակցություն: 1918—20-ին Կ-ի ղեկավար գործիչների մեծ մասը փախավ արտասահման: Կուսակցությունը, որպես քաղ. միասնական կազմակերպություն, դադարեց գոյություն ունենալուց:
