ՀՍՀ/ԿԱԹՆԱԳԵՂՁԵՐ
ԿԱԹՆԱԳԵՂՁԵՐ, կրծքագեղձեր, ստինքներ (mamma, glandula lactiferae), մարդու և կաթնասուն կենդանիների արտազատիչ, մաշկային զույգ գեղձեր: Կանանց և սեռահասուն էգ կենդանիների Կ. կերակրման շրջանում արտադրում էն կաթ: Տղամարդու և արու կենդանիների Կ. ամբողջ կյանքի ընթացքում մնում են ռուդիմենտային վիճակում: Մարդու Կ. գտնվում են կրծքի առաջային պատին, կրծոսկրից աջ և ձախ՝ 3—6-րդ կողերի սահմաններում: Կ-ի զարգացման աստիճանը կապված է սեռական հասունության հետ, դրանք առավել զարգանում և ինտենսիվ գործում են հղիության շրջանի վերջում: Կ-ի առաջային մակերեսին, մաշկի պիգմենտավորված շրջանի կենտրոնում, գտնվում է պտուկը: Կ-ի ճարպային հյուսվածքով շրջապատված գեղձային մասը կազմված է պտուկի նկատմամբ ճառագայթանման դասավորված, արտատար ծորաններից, դեպի պտուկն ուղղված, միմյանցից անջատ՝ թվով 15—20 բլթերից, որոնց ծորանները միմյանց հետ միանալով գոյացնում են պտուկի գագաթին բացվող կաթնատար 10—15 ծորաններ: Կ. անոթավորվում են ետին միջկողային, կրծքային ներքին և կրծքային դրսային զարկերակների ճյուղերով: Նյարդավորվում են II—V միջկողային և վերանրակային նյարդերի ճյուղերով: Անոթների հետ գեղձ են մտնում նաև սիմպաթիկ նյարդեր: Կ-ի ավշային անոթները բացվում են անութային (թևատակային) ավշահանգույցների մեջ: Կ. կենդանիների, առավել պարզ կառուցվածք ունեն կլոակավոր կաթնասունների Կ., որոնք հարթ մկանունքով պատված երկարավուն խողովակաձև պար-կիկների զույգ կուտակումներ են և բացվում են մազապարկերի մեջ, որովայնի երկու կողմերում: Արտազատուկը հոսում է մագերի վրայով, որտեղից և օգտվում են ձագերը: Կենդանածին կաթնասունների Կ. բլթակավոր գոյացություններ են, ան 1 և բարդ ճյուղավորված ծորաններ և ծայրային ալվեոլներ: Կ-ի ծորանները բացվում են գեղձային դաշտում, որը մաշկի վրա ներկայաօված է պտուկներով: Տարբերում են իսկական պտուկներ, որոնց գագաթին գտնվում են առանձին ծորանների բազմաթիվ անցքեր, և կեղծ պտուկներ, որոնց ներսում կա ընդհանուր արտատար ծորան: Վերջինս բացվում է պտուկի գագաթին, մեկ անցքով: Իսկական պտուկները բնորոշ են պարկավորների մեծամասնությանը, կիսակապիկներին, կապիկներին և մարդուն, կեղծը՝ գիշատիչներին և սմբակավորներին: Պտուկների թիվը և տեղադրությունը կայուն է կենդանու յուրաքանչյուր տեսակի համար, օրինակ, պարկամկների մեկ տեսակն ունի 25 պտուկ՝ 2 շարքով տեղադրված որովայնի երկարությամբ, սմբակավորներինը՝ 1— 2 զույգ է, աճուկային հատվածում, կապիկներինը՝ 1 զույգ, կրծքի վրա: Տես նաև Կուրծ:
