Jump to content

ՀՍՀ/ԿԱԹՆԱԹԹՎԱՅԻՆ ԲԱԿՏԵՐԻԱՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԹՆԱԹԹՎԱՅԻՆ ԲԱԿՏԵՐԻԱՆԵՐ (Lactobacterium), անաերոբ բակտերիաների խումբ, խմորում են ածխաջրերը և առաջացնում կաթնաթթու: Կ. բ. անշարժ են, գրամդրական, սպորներ չեն առաջացնում, բազմանում են կիսվելով: Լինում են միայնակ կամ փոքրիկ գաղութներով: Կան գնդաձև Կ. բ., որոնց բջիջները գոյացնում են շղթաներ, օրինակ, streptococcus lactis, և ձողաձև, օրինակ, lactobacillus: Վերջիններս, ինչպես նաև ստրեպտոկոկերը, խմորում են գլյուկոզը և լակտոզը, արագ բազմանում են կաթում և կաթնաթթվային մթերքներում: Կ. բ. լայնորեն տարածված են բնության մեջ, մեծ քանակությամբ պարունակվում են բուսական մնացորդներում, հողում, մարդու և կենդանիների աղիքներում: Կ. բ. մեծ կիրառություն ունեն արդյունաբերության և գյուղատնտեսության մեջ. օգտագործում են մածուն, կեֆիր և այլ կաթնամթերք պատրաստելիս: Կ. բ-ի առանձին տեսակներ կարող են փչացնեյ գինին, գարեջուրը: