ՀՍՀ/ԿԱԹՆԱԹԹՎԱՅԻՆ ՄԹԵՐՔ
ԿԱԹՆԱԹԹՎԱՅԻՆ ՄԹԵՐՔ, կաթնամթերքի խումբ, որը պատրաստվում է կովի չզտած կաթից կամ դրա ածանցյալներից (սերուցք, յուղազրկված կաթ, շիճուկ), ինքնաթթվեցմամբ կամ մերաններով թթվեց-մամբ: Կ. մ. պատրաստվում էնան ոչխարի, այծի և այլ կենդանիների կաթից: Կ. մ-ի արտադրության նախապատրաստական փայում կաթը նախ պաստերիզացվում է կամ եռացվում (մածունի համար), որը կանխում է կաթի մեջ եղած վնասակար մանրէների զարգացումը: Այնուհետև կաթը թթվեցնում են կաթնաթթվային բակտերիաների կամ խմորիչների միջոցով: Կ. մ. լինում է կաթնաթթվային (կաթնաշոռ, թթվասեր) և խառը խմորման (մածուն, կեֆիր, կումիս ևն): Կաթնաթթվային խմորման Կ. մ-ում մանրէները կաթնաշաքարը քայքայում են և առաջացնում կաթնաթթու: Կաթնաթթվի ազդեցությամբ կաթի կազեինը մակարդվում է, որից էլ Կ. մ-ի մարսելիությունը կաթի համեմատ զգալիորեն բարձրանում է: Խառը խմորման Կ. մ-ում կաթնաշաքարից առաջանում են նաև սպիրտ, ածխաթթու գազ, ցնդող թթուներ, որոնք նույնպես բարձրացնում են Կ. մ-ի մարսելիությունը: Սպիտակուցների և յուղի պարունակությամբ Կ. մ. չզտած կաթից գրեթե չի տարբերվում: Կ. մ-ի դիետիկ և բուժիչ հատկությունները պայմանավորված են կաթնաթթվի, մեծ քանակությամբ կաթնաթթվային բակտերիաների, ինչպես նաև անտիբիոտիկ նյութերի առկայությամբ: Կ. մ-ի որոշ տեսակներ օգտագործվում են մարսողական համակարգի հիվանդությունների, տուբերկուլոզի բուժման և աթերոսկլերոզի կանխարգելման համար: Կ. մ. պատրաստում են տնային և արտադրական պայմաններում:
