ՀՍՀ/ԿԱԹՆԱՍՈՒՆՆԵՐ
ԿԱԹՆԱՍՈՒՆՆԵՐ (Mammalia), քորդավորների տիպի կենդանիների դաս: Բնորոշ է պարզ կառուցվածքով ամուր գանգը, որը ծոծրակային երկու ելուստներով հոդավորվում է պարանոցային I ողնի՝ ատլասի հետ: Ստորին ծնոտը կազմված է մեկ ոսկրից, որը միանում է գանգի թեփուկավոր ոսկրին: Ատամնային համակարգը տարբերակված է կտրիչների, ժանիքների, սեղանատամների: Մարմինը մազածածկ է և ունի կայուն ջերմաստիճան: Սիրտը քառախորշ է, լրիվ բաժանված երակային (աջ) և զարկերակային (ձախ) կեսերի: Էրիթրոցիտները հարթ են, կլոր, հասուն վիճակում՝ կորիզազուրկ: Լսողական ապարատը կազմված է արտաքին, միջին և ներքին ականջից: Ականջային խեցին մեծ մասի մոտ լավ է զարգացած: Բերանի խոռոչը երկրորդային քիմքով անջատված է քթի խոռոչից: Պարանոցի ողները 7-ն են, հազվադեպ՝ 6—9 (որոշ ծովակովեր, ծույլեր): Կ-ի մեծ մասի վերջավորություններն ունեն հինգ մատ, որոնք մյուսների մոտ ձևափոխվել են և դարձել միամատ (ձիեր), թիակաձև (фп-կեր, կետեր), թևեր (չղջիկներ): Որոշ Կ. չունեն ետին վերջավորություններ, իսկ մարմնի պոչայրն մասում գտնվում է լայն լողակ (կետեր, ծովակովեր): Որովայնային և կրծքային խոռոչները բաժանված են ստոծանիով: Իփստ զարգացած են գլխուղեղի մեծ կիսագնդերը, որոնց կեղևում գտնվում են հոգեկան կարևորագույն ֆունկցիաներ իրականացնող կենտրոնները: Մաշկը կազմված է խիստ զարգացած շարակցա հյուսվածքային շերտից և էպիդերմիսից՝ բազմաթիվ երկրորդային գոյացություններով: Վերջիններից են մազերը, աղվամազը, քիստամազը, վիբրիսը: Որոշ Կ-ի (գետաձի, կետ ևն) մազերը երկրորդաբար անհետացել են: Մաշկային գոյացություններից են նաև փշերը, թեփուկները, կոշտուկները, եղունգները, մագիլները, ճանկերը, սմբակները, կճղակները, եղջյուրները ևն: Մաշկային գեղձերը մեծ դեր են կատարում ջերմակարգավորման և նյութափոխանակության պրոցեսներում: Կ-ի բնորոշ հատկանիշներից են նաև կաթնագեղձերը: Էգերը ծնում են կենդանի ձագեր, որոնք զարգանում են արգանդում: Մաղմը մոր օրգանիզմի հետ կապվում է ընկերքով: Կոյանցքավոր Կ. (ձվածիններ) ձու են ածում: Պարկավորների սաղմնային շրջանում իսկական ընկերք չի առաջանում, ձագերը ծնվում են թերաճ, լրիվ զարգացումն ավարտվում է մոր պարկում: Ձագերը կերակրվում են կաթով՝ մի քանի շաբաթից մինչև մի քանի տարի: Հղիությունը 16—18 օրից (որոշ կրծողներ) մինչև 22 ամիս է (փղեր): Բազմանում են 1—4 տարին մեկ անգամ, որոշ Կ. (օրինակ, կրծողներ)՝ տարեկան մի քանի անգամ: Ստորակարգ Կ. բարձրագույն նյարդային գործունեության զարգացմամբ քիչ են տարբերվում մյուս ողնաշարավորներից (թռչուններ, որոշ երկկենցաղներ), սակայն գիշատիչները (գայլ, շուն), կետանմանները (դելֆիններ), պրիմատները (հատկապես մարդանման կապիկները) ավելի բարձր մակարդակի են հասել: Կ. իրենց ծագմամբ կապված են մեզոզոյան դարաշրջանի գազանանման մողեսների հետ: Հայտնաբերվեյ են տրիասի (160—170 մլն տարի առաջ) նստվածքներում: Վերին տրիասում եղել է 3, յարայում՝ 5 կարգ: Ստորին կավճում գոյություն են ունեցել պարկավորները, ապա՝ միջատակերները՝ առաջին ընկերքայինները: Էոցենում Կ. բուռն զարգացման են հասել, եղել է արդեն ընկերքայինների 28 կարգ, որից 16-ը գոյություն ունի ժամանակակից ֆաունայում: Տրիասի վերջում եղել են Կ-ի 36—40 կարգ, 258—312 ընտանիք, 12—13 հզ. տելւակ: Ժամանակակից ֆաունայում Կ-ի համակարգում ընդգրկված է 19 կարգ, համախմբված 2 ենթադասում՝ նախագազաններ և կենդանածիններ: Առաջին ենթադասն ունի մեկ՝ կոյանցքավորների կարգ: Երկրորդում ընդգրկվում է 2-ինֆրաղաս. պարկավորներ (1 կարգով) և ընկերքայիններ (17 կարգով): Այժմ հայտնի է Կ-ի մոտ 3500 (որոշ տվյալներով՝ 4250) տեսակ
Կ. հարմարվել են էկոլոգիական տարրեր պայմանների, մի մասն ապրում է ցամաքում, մյուսները (սկյուռ, կապիկ) բռնող վերջավորությունների և կառչող պոչի շնորհիվ կարողանում են ապրել ծառերի վրա, չղջիկների առջևի վերջավորությունները վերածվել են թևերի, և նրանք ազատ թռչում են օդում: Կետանմաններն ապրում են ջրում, խլուրդները, կուրամկները հարմարվել են ստորգետնյա կյանքին, կորցրել տեսողությունը: Գործնականում Կ-ի դասը կենդանական աշխարհի ամենակարևոր խմբերից է: Կ-ին են պատկանում ընտանի կենդանիների մեծ մասը, որոնցից մի քանիսն էական դեր են կատարել մարդկային հասարակության զարգացման ընթացքում (հանդիսացել են հաղորդակցության հիմնական միջոց ցամաքում, ծառայել որպես սնունդ): Սև արծաթափայլ աղվեսը, կուդբը, ջրաքիսըևթանկարժեք մորթի ունեցող այլ գազաններ այժմ բուծվում են գազանաբուծական հատուկ տնտեսություններում: Կ. միաժամանակ որսարդյունագործության և սպորտային որսորդության օբյեկտ են: Որոշ Կ. (օրինակ՝ գայլը) մեծ վնաս են հասցնում անասնապահությանը: Կրծողները վնասում են հացահատիկային և մարգագետնային կուլտուրաները և տարածում վարակիչ հիվանդություններ: Կապիկները, եղջերուները, սկյուռները պահվում են որպես դեկորատիվ կենդանիներ: Կի մի մասը գիտական լաբորատորիաներում օգտագործվում է որպես ենթափորձային կենդանիներ: Անխնա որսի և բնական պայմանների փուիոխության հետևանքով Կ-ի առանձին տեսակներ (կետեր, առյուծներ, վագրեր, կապիկներ ևն) ոչնչացման վտանգի տակ են: Վերջին հարյուրամյակում լրիվ ոչնչացվել են ծովակովերն ու պարկավոր գայլերը: Բնության պահպանության միջազգային միության տվյալներով («Կարմիր գիրք») Կ-ի մոտ 300 տեսակ ու ենթատեսակ իսպառ վերացման սպառնալիքի տակ են: Փորձը ցույց է տվել, որ արգելավայրերի ու արգելանոցների միջոցով հնարավոր է որոշ տեսակներ (որմզդեղն, վիթ, սամույր ևն) պահպանել ու վերականգնել: Կ. ուսումնասիրող կենդանաբանության բաժինը կոչվում է տերիոլոգիա:
Գրկ. Огнев СИ., Очерки экологии млекопитающих, М., 1951 Основы палеонтологии млекопитающих, М., 1962 Млекопитающие фауны СССР, ч. 1— 2, М.—Л., 1963 Бобринский Н. А., Кузнецов Б.А., Кузякин А.П., Определитель млекопитающих СССР, 2 изд., испр. и доп., М., 1965 Жизнь животных, т. 6, М., 1971 Млекопитающие Советского Союза, т. 1—2, М.. 1961-72.
Բ. Մարտիրոսյան, Լ. Կիրակոսյան
