Jump to content

ՀՍՀ/ԿԱԹՆՈՒԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԹՆՈՒԿ, լորձաթաղանթի (հիմնականում բերանի խոռոչի) հիվանդություն, առաջանում է խմորասնկերի տիպի սնկերով (Oidium albicans) ախտահարվելիս, որոնք բնականոն պայմաններում գտնվում են բերանի խոռոչի, աղիքների ևն լորձաթաղանթներում: Առավելապես կրծքի երեխաների հիվանդություն է, մեծահասակներն ախտահարվում են երկարատև, հյուծող հիվանդությունների (դիզենտերիա, տիֆ ևն) դեպքում: Արտահայտվում է բերանի խոռոչի լորձաթաղանթի կաթնասպիտակավուն փառով, որի չափերն աստիճանաբար մեծանում են և տեսքով հիշեցնում կաթնամթերքի մնացորդ (այստեղից էլ՝ անվանումը): Բուժումը. ողողում հիմքային լուծույթներով, յոդի, մեթիլեն կապույտի լուծույթի քսում, վիտամինաբուժում: