Jump to content

ՀՍՀ/ԿԱԼԴԵՐՈՆ ԴԵ ԼԱ ԲԱՐԿԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԼԴԵՐՈՆ ԴԵ ԼԱ ԲԱՐԿԱ (Calderon de la Barca) Պեդրո (17.1.1600, Մադրիդ— 25.5.1681, Մադրիդ), իսպանացի դրամատուրգ: Վաղ շրջանում Լոպե դե վեգա Կարպիոյի ազդեցությամբ գրել է «թիկնոցի ու սուսերի կատակերգություններ»՝ «Սեր, պատիվ և իշխանություն» (1623, հրտ. 1637), «Սիրո և պատահականության խաղ» (1625, հրտ. 1636) ևն, ագգային-հայրենասիրական դրամա՝ «Բրեդի պաշարումը» (1625, հրտ. 1636): Կ-ի ստեղծագործությանը բնորոշ է լայն ընդհանրացումների ձգտումը, փիլ. և բարոյագիտական խնդիրների առաջադրումը, մի քանի թեմաների առկայությունը մեկ պիեսում («Հաստատակամ իշխանը», 1628—29, հրտ. 1636, «Կյանքը երազ է», 1631—32, հրտ. 1636): Վերջին շրջանում պիեսներ է գրել երաժշտությամբ, երգեցողությամբ և բալետային համարներով՝ պալատական տոնակատարությունների համար: Գրել է նաև կրոնական բնույթի դրամաներ՝ «Խաչապաշտություն» (1630—32, հրտ. 1636), «Սուրբ Պատրիկի քավարանը» (1634, հրտ. 1636): Կ-ի ստեղծագործություններում հակասականորեն զուգակցվում են Վերածննդի և բարոկկոյի մոտիվները:

Ա. Ալիքյան