ՀՍՀ/ԿԱԼՈՒԳԱ
ԿԱԼՈՒԳԱ, քաղաք, ՌՍՖՍՀ Կալուգայի մարգի կենտրոնը, Մոսկվայից 188 կմ հարավ-արևմուտք: Երկաթուղային կայարան է, նավահանգիստ Օկայի ափին: 265 հգ. բն. (1979): Կ. արդ. կենտրոն է: Զարգացած են մեքենաշինությունը, սարքաշինությունը, քիմ., փայտամշակման, սննդի և թեթև արդյունաբերությունը, շինանյութերի արտադրությունը: Կ-ում է «Գիգանտ» լուցկու-կահույքի կոմբինատը: Այստեղ է Մոսկվայի Ն. Բաումանի անվ. բարձրագույն տեխ. ուսումնարանի մասնաճյուղը: Ունի մանկավարժական ինստ., 12 միջնակարգ մասնագիտական ուս. հաստատություն, դրամատիկական թատրոն (հիմնված XVIII դ.), հայրենագիտական, գեղարվեստական, Կ. Ցիոլկովսկու անվ. տիեզերագնացության պատմության թանգարաններ: (Իր կյանքի մեծ մասը Կ-ում է անցկացրել Կ. Ցիոչկովսկին): Կ-ում պահպանված ճարտ. հուշարձաններից են Կորոբովների տունը (1697), կամուրջը (1777—78), Տրոիցկի տաճարը (1786—1819): Քաղաքին ինքնատիպ տեսք են տալիս փայտե միահարկ տները, որոնց բնորոշ են մեծաչափ ելուստով քիվերը և քանդակազարդ շրջակալներով լուսամուտները: Ըստ 1949—55-ի գլխավոր հատակագծի, քաղաքի տարածքն ընդարձակվել է դեպի հս., կառուցվել են Թատերական հրապարակի անսամբլը (1958), «Կալուգա» հյուրանոցը (1969), ֆիլհարմոնիայի համերգային դահլիճը (1971): Կ-ում են Վ. Ի. Լենինի (1925), Կ. Ցիոլկովսկոլ (1958) հուշարձանները:
