Jump to content

ՀՍՀ/ԿԱՄՈ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՄՈ, Տեր-Պետրոսյան Միմոն Արշակի 15(27).5.1882, Գորի— 14.7.1922, Թիֆլիս, պրոֆեսիոնալ հեղափոխական: ՍՄԿԿ անդամ 1901-ից: Հեղափոխական գործունեությունը սկսել է 1901-ին. Թիֆլիսում, Բաքվում, Բա-թումում, Քութայիսում, Գորիում և այլուր տարածել է արգելված գրականություն, կազմակերպել ընդհատակյա տպարաններ: Առաջին անգամ բանտարկվել է 1903-ի նոյեմբերին: 1904-ի սեպտեմբերին փախել է բանտից: 1905-ին Թիֆլիսում մասնակցել է բանվորական մարտական դրուժինաների կազմակերպմանըևզորքի հետ զինված ընդհարումների ժամանակ գլխավորել բանվոր մարտիկների ջոկատը, ձերբակալվել և նետվել է Թիֆլիսի Մետեխի բանտը, որտեղից կարողացել է նորից փախչել: 1906-ին Կ. մեկնել է Պետերբուրգևհանդիպել Վ. Ի. Լենինին: Նրա առաջադրանքով անցել է արտասահման՝ զենք գնելուևայն Ռուսաստան տեղափոխելու գործը կազմակերպելու համար: Կուսակցությանը դրամ հայթայթե-լու նպատակով 1905—07-ին կազմակերպել է ցարական գանձարանից դրամի մի շարք բռնագրավումներ: 1907-ի նոյեմբերին գերմանական ոստիկանությունը Բեռլինում ձերբակալել է Կ-ին, որը հետաքննությունից խուսափելու նպատակով ձևացել է խելագար: Չնայած դրան, 1909-ի վերջին գերմանական իշխանությունները Կին հանձնել են ցարական ոստիկանությանը: 1911-ի օգոստ. 15-ին փախել է Մետեխի բանտային հիվանդանոցից և մեկնել Փարիզ: 1912-ին վերադարձել է Ռուսաստան, ձերբակալվելևդատապարտվել մահվան, որը 1913-ի ընդհանուր ներմամբ փոխարինվել է 20 տարվա տաժանակրությամբ: Բանտից ազատվել է 1917-ի մարտին: 1918-ի հունվարին Կ. Մոսկվայից Թիֆլիս է բերել Վ. Ի. Լենինի նամակները և ՌՍՖՍՀ ժողկոմսովետի որոշումը՝ Շահումլանին Կովկասի ժամանակավոր արտակարգ կոմիսար նշանակելու մասին: 1919-ի ամռանը Վ. Ի. Լենինի հանձնարարությամբ կազմակերպել է պարտիզանական ջոկատ և կռվել Դենիկինի զորքերի թիկունքում, ինչպես նաև Կուրսկի և Օրյոլի մոտ: Այդ օրերին Լենինր հանրապետության ռազմահեղափոխական խորհրդին գրել է, որ գիտե Կ-ին «…որպես միանգամայն բացառիկ նվիրվածության, խիզախության և էներգիայի տեր մարդու» (Поли. собр. соч., 5 изд., т. 51, с. 42): Հիացմունքով խոսելով Կամոյի մասին՝ Մ. Գորկին գրել է. «Նա մարդ էր առանց պոզայի, նա հեղափոխության գեղարվեստագետն էր»: 1919-ին Աստրախանից ծովով Կ. զենք և դրամ է հասցրել Հյուսիսային Կովկասի պարտիզաններին և Բաքվի կուսակցական ընդհատակյա կազմակերպությանր: Նա մասնակցել է Բաքվում զինված ապստամբության նախապատրաստմանը (1920-ի ապրիլ): Կյանքի վերջին տարիներին Կ. սովորել է Մոսկվայի ռազմական ակադեմիայում (1920), աշխատել առևտրի բնագավառում (1921) և Վրաստանի ֆինժողկոմատում (1922): Զոհվել է ավտովթարից՝ Թիֆլիսում: Կամոյի կերպարը ոգեշնչել է հայ կինոռեժիսորներին և գրողներին: Նրա կյանքին և հեղափոխական գործունեությանն են նվիրված «Հայֆիլմի» թողարկած «Անձամբ ճանաչում եմ» (ռեժ. Ա. Կևորկով և է. Քարամյան), «Արտակարգ հանձնարարություն» (ռեժ. Ս. Կևորկով, է. Քարամյան), «Կամոյի վերջին սխրանքը» (Ս. Կեվորկով, Գ. Մելիք-Ավագյան) գեղարվեստական ֆիլմերը: Հայկական ՍՍՀ-ում Կ-ի անունով են կոչվում նախկին Նոր Բայազետ քաղաքը և շրջանը, Ախուրյանի շրջանի նախկին Հաջի Նազար գյուղը, ինչպես նաև դպրոցներ ու փողոցներ՝ տարբեր քաղաքներում և գյուղերում:

Գրկ. Հարությունյան Ա. Բ., Կամո, Ե., 1957: Շահումյան Լ. Ս., Կամո, Ե., 1962: Կամո, Սիմոն Տեր-Պետրոսյան, (Մատենագիտություն), Ե., 1964: Տայանով Ա. վ., Մշտարթուն ժամապահը, Ե., 1972: Горький М., Камо, Собр. соч., т. 17, М., 1952 Дубинский-М ухадзе И.М., Камо, Е., 1974.