Jump to content

ՀՍՀ/ԿԱՄՈՅԻ ՇՐՋԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՄՈՅԻ ՇՐՋԱՆ (մինչև 1959-ը՝ Նոր Բայազետի շրջան), վարչական շրջան Հայկական ՍՍՀ-ում: Կազմվել է 1930-ի սեպտ. 9-ին: Տարածությունը 637 կմ² է, բնակչությունը՝ 26704 (1978): Վարչական կենտրոնը՝ Կամո: Բնական պայմանները: Կ. շ. գտնվում է Սևանի ավագանի արմ. մասում, Գեդամա լեռնաշղթայի արլ. լանջերին, 7—8-բալա-նոց սեյսմիկ գոտում: Ընդգրկում է Գավառագետի ավազանը: Առավելագույն բարձրությունը 3598 մ է (Աժդահակ լեռ): Տարածքի 23-ը գտնվում է մինչև 2000 մ, 77-ը՝ 2000 մ-ից ավելի բարձրության վրա: Մակերևույթը լեռնային է՝ հրաբխային կոների, գոգավորությունների ու աստիճանաձև սարավանդների զուգակցումով: Գեղամա լեռնաշղթայից արտավիժած լավային հոսքերը տարբեր ուղղություններով հատում են շրջանի տարածքը: Ցածրադիր վայրերը ծածկված են լճագե-տային նստվածքներով ու հրաբխային նյութերով: Տարածված են քարակարկառները (չինգիլները): Շրջանի տարածքում առկա է կլիմայի և հողաբուսական ծածկույթի ուղղաձիգ գոտիականությունը: Ամառը զով է, զգալի է բրիզների ազդեցությունը: Ձմեռը երկարատև է, չափավոր ցուրտ, բարձրադիր վայրերում՝ սաստիկ ցուրտ: Օդի տարեկան միջին ջերմաստիճանը—3 С-ից 5°C է: Հունվարին ցածրադիր վայրերում —8°C է, բարձրադիր վայրերում՝—14°C, հուլիսին, համապատասխանաբար, 16°C, 9°C: Առավելագույն ջերմաստիճանը 32°C է, նվազագույնը՝—40°C: Ձնածածկույթի տևողությունը 75—235 օր է, անսառնամանիք ժամանակաշրջանը՝ 120—180 օր, տարեկան տեղումները՝ 400—1000 մմ (առավելագույնը՝ մայիսին): Մեծ գետը Գավառագետն է, շրջանի տարածքում է Ակնա լիճը: Կ. շ-ի ցածրադիր վայրերում գերակշռում են լեռնատափաստանային սեա-հողերը, բարձրադիր վայրերում՝ լեռնամարգագետնային հողերը: Տիրապետում է տարախոտահացագգիների տափաստանային բուսածածկույթը: Բարձրադիր լեռնալանջերը ծածկված են ալպյան մարգագետիններով: Անտառատնկումներ են կատարվում Սևանա լճի ջրերից ազատված տարածություններում: Կենդանական աշխարհին բնորոշ են գայլը, աղվեսը, նապաստակը, կրծողները ևն: Կան շինանյութերի (տուֆ, բազալտ, անդեզիտաբազալտ, պեմզա, աննշան քանակությամբ պեռլիտ, քվարց) հանքավայրեր: Հարուստ է հանքային ջրերով: Տարածքի մի մասը մտնում է Սևանի ազգային պարկի մեջ:

Բնակչությունը: Կ. շ. ՀՍՍՀ համեմատաբար նոսր բնակեցված շրջաններից է: Միջին խտությունը 1 կմ² վրա՝ մոտ 41 մարդ: Բնակչության հիմնական մասը կենտրոնացած է Գավառագետի միջին և ստորին ավազանում: Բնակվում են հայեր (99 ադրբեջանցիներ, ռուսներ, քրդեր: Ունի 10 բնակավայր, 9 գյուղական սովետ:

Պատմական ակնարկ: Կ. շ-ի տարածքը հնում մտնում էր Մեծ Հայքի Սյունիքի նահանգի մեջ և կազմում էր Գեղարքունիք գավառի հս-արմ. մասը: IX դ. մտել է Արցախի Սահլ Սմբատյանի իշխանության, 885-ից՝ հայ Բագրատունիների թագավորության կազմի մեջ: X դարից մինչև XII դ. կեսերը գտնվել է սելջուկ-թուրքերի տիրապետության տակ: XII դ. վերջից Ջա-քարյան իշխանները գրավել են այն և տվել Վերին Խաչենի իշխաններին: XV—XIX դդ. (մինչև 1828-ը) շրջանի տարածքը մտնում էր Երևանի խանության մեջևկազմում էր Գյոգչա-Դանգիզ մահալի մի մասը: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, Նոր Բայազետի գավառ անվամբ, մտավ Երևանի նահանգի մեջ: Մինչև սովետական կարգերի հաստատումը բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր: Գյուղերն անբարեկարգ էին, տները՝ կիսագետնափոր: Սովետական իշխանության տարիներին կառուցվել են արդ. ձեռնարկություններ, բարեկարգվել են բնակավայրերն ու ճանապարհները, ստեղծվել են բազմաթիվ կուլտուր-լուսավորական հիմնարկներ: Մարքսիստական գաղափարներս Կ. ղ. են թափանցել XX դ. սկզբներին: Դրանց տարածողները Թիֆլիսի և Բաքվի արդ. ձեռնարկություններում աշխատող, ս-դ. շարժումներին հաղորդակից նորբայա-զետցիներն էին: 1905—07-ի ռուսական առաջին հեղափոխության ազդեցությամբ գավառում տեղի ունեցան գյուղացիական հուզումներ (1906—07-ի ելույթները Նոր Բայազետում): Շրջանի բոլշևիկները III Պետական դումայի ընտրություններում նահանգական ժողովի պատվիրակ ընտրեցին սոցիալ-դեմոկրատ Ալեքսանդր Աբրահամյանին: Հեղափոխության պարտությունից հետո, ռեակցիայի տարիներին, Նոր Բայագետում և շրջանի մի քանի գյուղերում գործում էին ս-դ. ընդհատակյա կազմակերպություններ, որոնք ղեկավարում էին Հ. Սարախանյանը, Բ. Բատիկյանը և Վ. Պողոսյանը: . Նրանց ջանքերով քաղաքում ստեղծվեցին կոշկակարների, դարբինների և հյուսն բանվորների միություններ: Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո շրջանում նկատելիորեն աշխուժացավ քաղաքական պայքարը: Տեղի ունեցան գյուղացիական նոր հուզումներ: 1919—20-ին կուսակցական նոր բջիջներ ստեղծվեցին Նոր Բայագետում, Դալիղար-դաշ(Սարուխան), Ղուլալի (Կարմիրգյուղ), Բաշքենդ (Գեղարքունիք), Քյուզաջըղ (նանջաղբյուր) և Նորադուգ գյուղերում: 1920-ի ապրիլին կոմունիստական 5 բջիջ կար Նոր Բայագետում և 15 բջիջ՝ գավառի գյուղերում: Կ. շ-ի բոլշևիկները ակտիվորեն մասնակցեցին Մայիսյան ապստամբությանը: Մայիսի 8-ին, տեղում ապստամբությունը ղեկավարելու համար, Նոր Բայազետ եկավ գավառից արտաքսված Հ. Սարուխանյանը: Արմենկոմի որոշմամբ ապստամբությունը սկսվում է մայիսի 13-ին՝ Ներքին Ղարանլուղում (այժմ՝ Մար-տունի): Ստեղծվում է Ռազմահեղափոխական կոմիտե, որի ղեկավարությամբ ապստամբները մայիսի 17-ին գրավում են Նոր Բայազետը և ամբողջ գավառում հռչակում սովետական իշխանություն: Հայաստանում Մայիսյան ապստամբության պարտությունից հետո շրջանի կոմունիստ ղեկավարներ Հ. Սարուխանյանը և Բ. Բատիկյանը գնդակահարվում են: Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո Կ. շ-ի կուսակցական կազմակերպությունը մտնում էր Նոր Բայագետի գավառային կազմակերպության մեջ: Իբրև շրջանային կազմակերպություն, այն ստեղծվել է 1930-ին՝ վարչա-տերիտորիալ նոր բաժանումից հետո: Մին iU 1979-ը շրջանում կայացել է կուսակցության 34 կոնֆերանս: 1979-ի հունվ. 1-ի դրությամբ գործում էին 94 կուսակցական սկզբնական կազմակերպություն՝ 2630 կոմունիստներով և 85 ԼԿԵՄ կազմակերպություն՝ 10077 կոմերիտականներով: Կ. շ-ի հնագիտական և ճարտ. հուշարձաններից են կիկլոպյան ամրոցները (Կամո, Այրիվան, Հացառատ, Լանջաղ-բյուր, Նորադուզ, Արծվաքար), ուրարտական ամրոցը (Կամո): Միջնադարյան հուշարձաններից նշանավոր են Բատիկյանի միանավ (IV դ.), հացառատի Ս. Աստվածածին (VII դ.) եկեղեցիները, Նորադուգի Ս. Աստվածածին (IX դ.) և Բատիկյանի Ս. Գևորգ (IX—X դդ.) գմբեթավոր դահիճները, Հայրավանքը (IX—XII դդ.), Իլավանքը (X—XI դդ.), Ծաղկաշենի Ա. Հովհաննես խաչաձև գմբեթավոր եկեղեցին (IX-X դդ,):

Տնտեսությունը: Առաջատար ճյուղը գյուղատնտեսությունն է: Մասնագիտանում է անասնապահության, կերային կուլտուրաների և կարտոֆիլի մշակման ճյուղերում: Հողային ֆոնդը 63640 հա է, որի 70-ը պիտանի է գյուղատնտ. արտադրության համար: Ունի 16,4 հզ. հա վարելահող, 297 հա բազմամյա տնկարկ, 8 հզ. հա խոտհարք, 20,5 հզ. հա արոտավայր (1975): Սևանա լճի ջրերից ազատված մոտ 3 հզ. հա տարածության վրա կատարվել են նոր անտառատնկումներ: Նախատեսվում է անտառային տարածությունները հասցնել 4 հզ. հա: Հացահատիկային կուլտուրաները (ցորեն, գարի) զբաղեցնում են 6 հզ. հա, ծխախոտը՝ 305 հա: Կ. շ: ՀՍՍՀ կարտոֆիլաբուծության առաջատար շրջանն է (ցանքատարածությունը՝ 880 հա): Զբաղվում են նաև պտղաբուծությամբ: Շրջանում կա 8 սովետական տնտեսություն, 4 կոլտնտեսություն: Ունի 15,2 հզ. գլուխ խոշոր, 60,4 հզ. գլուխ մանր եղջերավոր անասուն (1975): Զարգանում է թռչնաբուծությունը և մեղվաբուծությունը: Զարգանում է նաև արդյունաբերությունը: Շարք են մտել հաստոցաշինական, թեթև ու սննդի արդյունաբերության ձեռնարկություններ: Սարուխանում և Կարմիրգյուղում գործում են «Հայգորգ» արտադրական միավորման, Լճափում՝ տրիկոտաժի ֆաբրիկայի, Սարուխան, Լանջադբյուր, Ծովազարդ գյուղերում՝ հաստոցաշինական միավորման մասնաճյուղեր, Նորադոլզում՝ ձկնաբուծարան, շինանյութերի (բազալտ, տուֆ, ավազ) արդյունահանման ձեռնարկություններ: Կ. շ-ի տարածքով անցնում է Երևան—Սևան—Կամո—Վարդենիս խճուղու 39 կմ հատվածը: Տեղական նշանակության ճանապարհների երկարությունը 100 կմ է, որից 55 կմ՝ կոշտ ծածկով: Բոլոր բնակավայրերը Կամո քաղաքի հետ կապված են մշտապես գործող ավտոբուսային տրանսպորտով: Կ. շ. Երևանի հետ կապված է նաև օդային ուղիով: Բատիկյան, Սարուխան, Լանջադբյուր, Գեղարքունիք, Սափ, Կարմիրգյոլղ, Նորադուզ գյուղերում կա կապի բաժանմունք, մի շարք գյուղերում՝ ավտոմատ հեռախոսակայան: Շրջանի տնտեսության հետագա զարգացման համար մեծ նշանակություն կունենա Սևան—Կամո—Մարտունի—Վարդենիս երկաթուղու կառուցումը: Կ. շ-ի բնակավայրերն են. Այրիվան, Բատիկյան, Գեղարքունիք, Ծաղկաշեն, Լանջադբյուր, Լճալի, Կարմիր-գյուղ, Ծովազարդ, Նորադուզ, Սարուխան: Առողջապահությունը: Կ. շ-ում գործում է 2 հիվանդանոց (225 մահճակալով), երկու պոլիկլինիկա (Կամո, Սարուխան): Գրեթե բոլոր բնակավայրերում ստեղծվել են բուժկայաններ: Կ. շ-ում կա 400 բուժաշխատող, այդ թվում՝ 61 բժիշկ (1978): Սարուխանում և Նորադոլզում կան դեղատներ: Սևանա լճի ալիին գործում են 250-ական տեղով 2 պիոներական ճամբար: Այրիվանի մոտ՝ Սևանա լճի ափին, կառուցվում է 2 հանգստյան տուն: Մշակույթը: 1976 77 ուս. տարում Կ. շ-ում գործել է 9 միջնակարգ և 4 ութամյա դպրոց (6268 աշակերտ, 366 ուսուցիչ, առանց Կամո քաղաքի), 8 մսուր-մանկապարտեզ (950 երեխա), 11 ակումբ, 15 մասսայական գրադարան: Ութ բնակավայր ունեն ստացիոնար կինո: Շրջանի բնակչությունը օգտվում է նաև Կամո քաղաքի կուլտուրլուսավորական հիմնարկներից: Լույս է տեսնում «Լենինյան դրոշով» շրջանային թերթը:

Գրկ. տես Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն հոդվածի գրականությունը: Ռ. Հովեսյան