Jump to content

ՀՍՀ/ԿԱՅԱՆ ԲԵՐԴ ԳՈՒԳԱՐՔ ՆԱՀԱՆԳ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՅԱՆ, Կայեան, Կայենականք, բերդ Մեծ Հայքի Գուգարք նահանգի Ձորոփոր գավառում, Ադստև գետի ձախ ափին, իջևան քաղաքից մոտ 15 կմ արևմուտք (Կ. անունով ամրոցներ կային նաև Վասպուրականում, Վանանդում, Սյունիքում, Տաշիրում և այլուր): Ենթադրվում է, որ Կ. կառուցել է Աշոտ Երկաթը: Կ. Բագրատոլնյաց, ապա, X դ. 2-րդ կեսից, Լոռվա թագավորության ստրատեգիական կարևոր հենակետերից էր և հսկում էր Հայաստանից Վրաստան ու Ատրպատական տանող առևտրական մայրուղին: Դավիթ Անհողինի խռովության ճնշումից (1001) հետո Գագիկ և շահնշահը Կ. և Աղստնի հովիտը հանձնեց Պահլավունիներին: 1045-ին Գրիգոր Մագիստրոսը իր տիրույթների հետ Կ. հանձնեց Բյուզանդիային, բայց սելջուկների դեմ պատվար ստեղծելու նպատակով կայսրությունը այն վերադարձրեց Կյուրիկե Ա-ին: XII դ. Կ. պատկանում էր Մահկանաբերդի Արծրունիներին, 1170-ական թթ. Արծրունի Ամիր Քուրդի որդի Հասան Կայանեցու իշխանական դղյակն էր: Ներպալատական պայքարում Մահկանաբերդի Արծրունիների անհաջողությունից հետո վրաց արքունիքը 1191-ին բերդը և նույնանուն գավառը հանձնեց Իվանե Զաքարյանին: 1236-ին մոնղոլների հարձակման ժամանակ Կ-ում ապաստանեց Իվանեի որդին՝ աթաբեկ և ամիրսպասալար Ավագ Զաքարյանը: Զաքարյան ֆեոդալական իշխանության քայքայումից հետո (XIV ղ. վերջ) Կ. կորցրեց իր նշանակությունը: Կ. շնորհիվ իր դժվարամատչելի դիրքի լավ է պահպանվել և այժմ կոչվում է Աղջկա բերդ: Ուշ միջնադարում Կ. էր կոչվում նաև 1233-ին Հաղպատի վանքի միաբանության համար կառուցված ամրոցը, որը գրականության մեջ հաճախ շփոթում են Աղստևի հովտի Կ-ի հետ:

Գրկ. Հովհաննիսյան Մ., Հայաստանի բերդերը, Վնա., 1970: Մաթևոսյան Ռ., Կայան բերդի և գավառի տեղադրությունը, «ԼՀԳ», 1972, 2: Ռ. Մաթևոսյան