ՀՍՀ/ԿԱՅԾԱԿ
ԿԱՅԾԱԿ, կայծային էլեկտրական պարպում մթնոլորտում՝ ամպերի կամ ամպի և երկրի միջև: Սովորաբար դրսևորվում է պայծառ լույսի բռնկումով և, ուղեկցվում որոտով: Կ-ի էլեկտրական բնույթը բացահայտել է ամերիկացի ֆիզիկոս P. Ֆրանկյինը, որի գաղափարների հիման վրա փորձեր են կատարվել ամպրոպաբեր ամպից էլեկտրականություն ստանալու ուղղությամբ: Ամպրոպաբեր ամպի տարբեր մասերն ունենում են տարանուն լիցքեր: Առավել հաճախ ամպի ստորին (դեպի երկիրն ուղղված) մասը լիցքավորված է լինում բացասական, վերեինը՝ դրական լիցքով: Տարանուն լիցք ունեցող մասերով միմյանց մոտենալիս, ամպերի միջև Կ. է առաջանում: Ամպրոպային պարպումը կարող է տեղի ունենալ նաև այլ կերպ: Ամպը երկրի մակերևույթի վրա լիցքեր է մակածում, ամպը և երկրի մակերևույթը կարծես դառնում են մի հսկա կոնդենսատորի երկու շրջադիրներ: Պոտենցիալների տարբերությունը ամպի և երկրի միջև հասնում է հարյուր միլիոնավոր վոլտով չափվող արժեքների, և օդում ուժեղ էլեկտրական դաշտ է ստեղծվում: Երբ լարվածությունը կրիտիկական է դառնում, տեղի է ունենում ծակում, այսինքն՝ Կ. է առաջանում: Երկիր հասած Կ. հաճախ հրդեհների և մարդկային գոհերի պատճառ է դառնում: Կ-ին ուղեկցող որոտի առաջացման բացատրությունը հետևյալն է. էլեկտրական հոսանքի արագ աճի պատճառով Կ-ի անցուղու ներսում օդը խիստ տաքանում է և արագ ընդարձակվում: Հոսանքի հանկարծակի ընդհատումից հետո ջերմաստիճանը կ-ի անցուղում ընկնում է, քանի որ ջերմությունը հաղորդվում է մթնոլորտին, անցուղին արագ սառչում է, օդը կտրուկ սեղմվում, որի հետևանքով առաջանում են ձայնային ալիքներ: Կ. լինում է գծային, գնդային և օղաձև (վերջին դեպքում թվում է, թե Կ. կազմված է գնդաձև կամ երկարավուն մի շարք պայծառ մարմիններից): Առավել հաճախ հանդիպում է գծային Կ. (վերը տրվեց նրա առաջացման պրոցեսի նկարագրությունը), որի երկարությունը հասնում է մի քանի կմ-ի, տևողությունը՝ 10-4 վրկ-ի, հոսանքի ուժը՝ 100 կա-ի Գնդային Կ-ի բնույթը դեռևս բացահայաված չէ: Կ-ի ավերիչ հետևանքներից պաշտպանվելու համար կիրառվում են շանթարգելներ:
Գրկ. Стекольников И.С, Физика молнии и грозозащита, М.—Л., 1943 Имянитов И. М., Чубарина Е. В., Шварц Я. М., Электричество облаков, Л., 1971 Юман М. А., Молния, пер. с англ., М., 1972.
