ՀՍՀ/ԿԱՅՈՒՆԱՐԱՐ
ԿԱՅՈՒՆԱՐԱՐ էլեկտրական, ստաբիլիզատոր (լատ. statubiIis—կայուն, հաստատան), էլեկտրական էներգիայի ընդունիչի մուտքում լարման արժեքը (լարման կայունարար) կամ էլեկտրական շղթայում հոսանքի ուժը (հոսանքի կայունարար) ավտոմատորեն հաստատուն պահող սարք՝ անկախ սնող ցանցում լարման տատանումներից և բեռնվածքի մեծությունից: Կ-ի արդյունավետությունը բնութագրվում է կայունացման գործակցով, իդեալական կայունացման դեպքում այն ձգտում է զրոյի: Փոփոխական լարման կայունացման համար օգտագործվում են ֆեռոմագնիսական Կ-ննր, որոնցում լարման փոփոխությունը հավասարակշռվում է մագնիսական հագեցմամբ ֆեռոմագնիսական միջուկ ունեցող տրանսֆորմատորով, ինչպես նաև տիրիստորային Կ-ներ, որոնցում կարգավորող տարրերը կառավարվող վենետիլներն են՝ տիրիստորները: Հաստատուն հոսանքի (լարման) Կ-ները հիմնականում բաժանվում են 2 խմբի: Պարամետրական Կ-ում կայունացումն իրագործվում է ոչ-գծային տարրի (օրինակ, կտրուկ արտահայտված հագեցման հոսանքով դիոդ), ոչ-գծային դիմադրության (բարետտեր) կամ փոքր թեքության անոդային բնութագծով պենաոդի կիրառմամբ: Տվյալ տարրը հաջորդաբար միացնելով R բ բեռին և ընտրելով սնման լարումն այնպես, որ աշխատանքային կետը գտնվի կայունացման տիրույթի մեջտեղում, կարելի է հոսանքը կայունացնել: Լարման կայունացման համար նույն ձևով կարելի է կիրառել կիսահաղորդչային դիոդ՝ ստաբիլիտրոն, որը փոքր չափերի, մեծ հզորությունների և կայունացվող լարման լայն տիրույթի (3,5—180 վ) շնորհիվ ավելի մեծ կիրառություն է զտել, քան գազապարպումային ստաբիլիտրոնը: Ավելի մեծ կարգի ճշտության կայունացում է ստացվում բացասական հետադարձ կապով Կ-ներում, որոնցում ելքի լարման փոփոխությունն ուժեղացվում է հաստատուն լարման ուժեղացուցիչով և հակառակ փուլով տրվում տվյալ փոփոխությունը շտկող կառավարող տարրին: Այդպիսի Կ-ներում սնման լարման արժեքի 10 տատանումների դեպքում փոփոխությունը կազմում է ընդամենը 0,001:
Ս. Գասպարյան
