ՀՍՀ/ԿԱՆԵՓ
ԿԱՆԵՓ (Cannabis), կանեվւագգիների ընտանիքի լուբաթելատու բույս: Հայտնի է 3 տեսակ: ՍՍՀՄ-ում մշակում են կուլտուրական կամ ցանովի Կ. (C. sativa), որը միամյա, երկտուն, խաչաձև փոշոտվող բույս է: Ստացված են նաև միատուն սորտեր: Ցողունի բարձրությունը 0,5—4 մ է, հաստությունը՝ 8—30 մմ: Տերևները մատնաձև են, պտուղը երկփեղկանի ընկուզիկ է: Արական բույսերի վեգետացիան ավելի կարճ է, ցողունները՝ նուրբ, դրանցից ստացվում է փափուկ և ամուր, իսկ իգականից՝ կոպիտ, ամուր, ջրում չփտող թել: Արական բույսերի թելի ելը կազմում է չոր ցողունի 20—25, իգականինը՝ 12—20: Թելից պատրաստում են ճոպան, պարան, լարան, ուռկան, պարուսին, բրեզենտ ևն: Կ-ի պտուղները պարունակում են 30—35 յուղ, որն օգտագործվում է սննդի մեջ և տեխ. (օլիֆ, ներկեր) նպատակներով: Քուսպն արժեքավոր կեր է, պարունակում է 22—25 սպիտակուցներ, 5—8 ճարպեր: ՍՍՀՄ-ում Կ. մշակվում է ՌՍՖՍՀ կենտրոնական սևահողային գոտում, Ուկրաինայի անտառատափաստանային և հարավային մարզերում, Բելոռուսիայում, Մերձվոլգյան շրջաններում, Հյուսիսային Կովկասում, Արևմտյան Սիբիրում: Թելի բերքը առաջավոր տնտեսություններում 11—12 ց/հա է, սերմի բերքը՝ 4—6 ց/հա:
