Jump to content

ՀՍՀ/ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ, պրոֆիլակտիկա (հուն προφυλακτικός — նախապահպանություն), առողջության ամրապընդ ման, հիվանդությունների նախազգուշացման և վերացման նպատակով կատարվող միջոցառումների ամբողջություն: Տարբերում են անհատական և հասարակական Կ.: Անհատական Կ. ընդգրկում է անձնական հիգիենայի կանոնների պահպանումը կենցաղում և արտադրության մեջ, հասարակականը՝ կոլեկտիվի առողջության պահպանման (տես Առողջապահություն) նպատակով ձեռնարկվող միջոցառումների ամբողջ համակարգը: Ժամանակակից Կ-ման հասկացությունն ընդգրկում է պետ., հասարակական և բժշկ. կոմպլեքս միջոցառումներ, որոնց նպատակն է վերացնել մարդկանց առողջության վրա բացասաբար ազդող գործոնները և ապահովել անհատի ֆիզիկական ու հոգեկան կարողությունների բազմակողմանի զարգացումը: Հասարակական Կ-ման իրականացումը պահանջում է օրենսդրական միջոցառումներ, նյութական զգալի ներդրումներևպետ., բժշկ., արդ. մի շարք հիմնարկ-ձեռնարկությունների ու կազմակերպությունների համատեղ գործունեություն: Սովետական առողջապահության կանխարգելիչ գործունեությունը աշխատանքներում պայմանավորված է, ամենից առաջ, սանիտարահամաճարակագիտական ծառայությամբ: Հիվանդությունների կանխարգելման գործում կարևոր են բնակչության առողջ խմբերի (երեխաներ, դեռահասներ, հղիներ, արդ. ձեռնարկությունների բանվորներ) դիսպանսերացումը և բժշկ. մասնագիտական ստուգումները, որոնք իրագործվում են պլանային ձևով: Առողջապահական մարմինների և բժշկ. անձնակազմի կանխարգելիչ գործունեության մասն է կազմում նաև սանիտարալուսավորական աշխատանքը: