Jump to content

ՀՍՀ/ԿԱՆՃՐԱԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՆՃՐԱԿ (Carthamus), ասպար, բարդածաղկավորների ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա բույսերի ցեղ: Հայտնի է մոտ 19 տեսակ, մշակվում է մեկը՝ գաթի ծաղիկը (C. tinctorius): Միամյա, ձիթատու և ներկատու բույս է: Ցողունը (բարձրությունը՝ 40—100 սմ) ուղղաձիգ կանգուն է, մերկ, տերևները՝ նստադիր, նշտարաձև, կաշեկերպ, ծաղկաբույլը՝ զամբյուղ, ծաղիկները՝ խողովակաձև, սպիտակ, դեղին, նարնջագույն: Փոշոտումը՝ խաչաձև, պտուղը սերմնապտուղ է, սպիտակ: Պարունակում է 25—37 բուսական յուղ, որն օգտագործվում է սննդի մեջ, ինչպես նաև մարգարինի, ներկերի, օճառի, օլիֆի, լինոլեումի արտադրությունում: Պսակաթերթիկներից ստացվող ներկը օգտագործվում է գորգագործության մեջ: ՍՍՀՄ-ում մշակվում է Միջին Ասիայում և Անդրկովկասում: