ՀՍՀ/ԿԱՆՏ
ԿԱՆՏ (Kant) Իմանուիլ (1724—1804), գերմանացի փիլիսովւա և գիտնական, գերմանական դասական փիլիսոփայության հիմնադիրը: Համարյա ամբողջ կյանքն անց է կացրել Քյոնիգսբերգում (այժմ՝ Կալինինգրադ): Ավարտել է Քյոնիգսբերգի համալսարանը (1745): Համալսարանում դասախոսել է ֆիզիկական աշխարհագրություն, մարդաբանություն, բնական իրավունք, տրամաբանություն և մետաֆիզիկա: Ստեղծագործական ուղին ընդունված է բաժանել երկու շրջանի՝ «մինչքննադատական» և «քննադատական»: Առաջինին հատկանշական է «Համընդհանուր բնական պատմություն և երկնքի տեսություն» (1755) աշխատությունը, որում զարգացված է արեգակնային համակարգի ծագման մասին հիպոթեզը (Կ-ի հիպոթեզ): «Քննադատական» շրջանում են գրված «Զուտ բանականության քննադատությունը» (1781), «Պրոլեգոմեններ…»ը (1783), «Պրակտիկ բանականության քննադատությունը» (1788), «Դատողության ունակության քննադատությունը» (1790) ևն: Կ-ի տրանսցենդենտալ փիլիսոփայության առանցքը իմացաբանությունն է: Դրա հիմնական խնդիրը, ըստ Կ-ի, բովանդակային («սինթետիկական») և, դրա մասին համընդհանուր ու անհրաժեշտ, գիտելիքի հիմնավորումն է: Իմացաբանության մեջ Կ. խստորեն տարբերակել է մասնավոր գիտական (մաթեմատիկա, բնագիտություն) և մետաֆիզիկական (փիլիսոփայական) գիտելիքների հնարավորության պայմանները, ենթադրելով, որ վփլ. սկզբունքներն ունեն լոկ կարգավորիչ կիրառում: Հաղթահարելով դասական սենսուալիզմի և ռացիոնալիզմի սահմանափակությունները՝ Կ. առաջ է քաշել էմպիրիկական և տեսական (ապրիորի) գիտելիքի փոխհարաբերության մասին նոր պրոբլեմը: Ըստ Կ-ի դուալիստական ուսմունքի, գիտելիքի բովանդակությունը ստացվում է ապոստերիորի ձևով՝ դրսից, իսկ համընդհանրության և անհրաժեշտության արժանիքներ գիտելիքին տրվում են ապրիորի ձևերով, որոնք իրական աշխարհում նախատիպեր չունեն և արմատավորվում են տրանսցենդենտալ սուբյեկտի գիտակցության մեջ: Կ. իր փիլիսոփայությունր գնահատել է որպես «ձևական իդեալիզմ», այսինքն՝ որպես ճանաչողական ձևերի իդեալիստական բացատրություն: Կ. կոտրուկ զատել է «ինքնին իրերի» աշխարհը երևույթների աշխարհից: Թեև, նրա տեսակետով, հենց «ինքնին իրերն» են ներգործում զգայարանների վրա, առաջ բերելով զգայություններ, այնուամենայնիվ, իրերը մենք ճանաչում ենք ոչ այնպես, ինչպես նրանք գոյություն ունեն ինքնին, այլ այնպես, ինչպես նրանք մեզ տրվում են: Դրանում է հենց կ-ի ագնոստիցիզմի յուրահատկությունը: Կ. պաշտպանել է գիտական մտքի ազատությունը: Նա հանդես է եկել բոլոր «գերզգայական» էությունները բնագիտությունից վտարելու օգտին: Նրա քննադատությունն ուղղված էր ավանդական մետաֆիզիկայի դոգմատիզմի և սպեկուլյատիվեզմի դեմ: Վերջինիս սնանկությունը, ըստ Կ-ի, դրսևորվում է այն բանում, որ նա, անխուսափելիորեն ընկնելով հակասությունների մեջ, խճճվում է անտինոմիաներում: Կ. հայտնի է որպես, այսպես կոչված, «ռացիոնալ աստվածաբանության» հակառակորդ: Նա մասնավորապես տվել է աստծու կեցության «գոյաբանական ապացուցման» իմացաբանական քննադատությունր: Կրոնի փիլիսոփայության վերաբերյալ նրա մի քանի աշխատություններ արգելել է պրուսական գրաքննությունը: Աստվածաբանության Կ-ի քննադատությունը, սակայն, չի եղել հետևողական: Նա տեղ է թողել կրոնի համար՝ նրան տալով բարոյական նշանակություն և այն խարսխել է ոչ թե գիտելիքով, այլ բարոյական հավատով: Կ-ի բարոյագիտական կոնցեպցիան ուղղված է նատուրալիզմի, հեդոնիզմի և էվդեմոնիզմի դեմ: Ըստ Կ-ի՝ վարքը կարող է ճանաչվել բարոյական, եթե այն ղեկավարվում է ոչ թե երջանիկ լինելու, այլ երջանկությանն արժանի լինելու ձգտմամբ: Ենթարկվելով պարտքի պատվիրանին (կատեգորիկ իմպերատիվ)՝ անհրաժեշտ է միշտ հիշել, որ անձնավորությունր բարձրագույն արժեք է և որ մարդուն ոչ մի դեպքում չի կարելի դիտել որպես միջոց: «Մարդաբանություն գործնական տեսանկյունից» (1798) աշխատության մեջ խնդիր է դրված ուսումնասիրել, թե մարդն ինչպիսին կարող է և պետք է դարձնի ինքն իրեն: Այդ աշխատության մեջ տրված է մի շարք ժոդովուրդների, այդ թվում նաև հայերի էթնիկական բնութագիրը: Իր գեղագիտական տեսությունը Կ. գնահատել է որպես միջին օղակ գիտական գիտելիքի տեսության և բարոյագիտության միջև: Գեղեցիկը նրա համար եղել է բարոյականի խորհրդանիշ: Գեղեցիկի ընկալումից ստացվող անշահախնդիր հաճույքի յուրահատկության մասին հարցի ձևով նա դրել է գեղագիտական գիտակցության առանձնահատկության պրոբլեմը: Կ-ի հասարակական-քաղաքական հայացքներն ունեն հակաֆեոդալական ուղղվածություն՝ արտահայտված, սակայն, չափավոր ձևով: Նրա այդ հայացքների հանրագումարըևնրա ողջ փիլիսոփայությունը Կ. Մարքսր բնորոշել է որպես ֆրանս. հեղափոխության գերմ. տեսություն: Ընդհանուր առմամբ Կ-ի փիլիսոփայությունը, ինչպես նշէվ է Վ. Ի. Լենինը, ներքնապես հակասական է և մատերիալիզմը իդեալիզմի հետ հաշտեցնելու փորձ է: Կ-ի ուսմունքը ունեցել է տարբեր մեկնաբանություններ: Նեոկանտականությունը փորձել է դեն նետել նրա ուսմունքի ռացիոնալ տարրերը: Կ-ի ուսմունքը մեծ ազդեցություն է ունեցել փիլիսոփայության (հատկապես գերմ.) զարգացման վրա: Կ. ազդել է նաև հայ (մասնավորապես XIX դ.) տեսական մտքի (փիլիսոփայություն, բարոյագիտություն, տրամաբանություն, բնագիտություն) վրա: Այն արտահայտվել է գիտելիքի ծագման ու հիմնավորման, տրանսցենդենտալ տրամաբանության՝ որպես կշռադատության հիմքի ընդունման, բարոյականության ինքնավարության և դեոնտոլոգիայի, աշխարհի էվոլուցիոն զարգացման գաղափարների քննարկման ժամանակ, որի րնթացքում հայ մտավորականները (Ա. Գարագաշյան, Ստ. Ոսկան, Ն. Ռուսինյան, Հ, Հարությունյան, Ավ. Գուրգենյան, Պ. Էմմանուելյան, Է. Սիրունյան, Գ. Աշըգյան) դրսևորել են ապրիորիստական և ֆորմալիստական մտածելակերպ: Կ-ի գաղափարները ներգործել են նաև հայ մանկավարժական (Ռ. Պերպերյան, Ի. Հարությունյան) և գեղարվեստական ըմբռնումների վրա: Մուրացանն ու Նար-Դոսը ոչ միայն առանձնահատուկ նախասիրություն են ունեցել դեպի Կ-ի բարոյագիտությունը, այլև գեղ. կերպարներն օժտել են նրա բարոյագիտ. որոշակի սկզբունքներով: Կ-ի ժառանգության վերհանման և գնահատման հարցում հայ իրականության մեջ դրսևորվել են հակադիր մոտեցումներ՝ սենսուալիստները (Ա. Բագրատունի, Գ. Կոստանդյան) պարզապես մերժել են Կ-ի ուսմունքը և հակադրվել նրա տարածմանը: Մինչդեռ Սա. Նազարյանը, էմպիրիզմի դիրքերից քննադատելով ապրիորիզմը, այնուամենայնիվ, փորձել է իմաստավորել այն, իսկ Ա. Գարագաշյանը, իր գործունեության երկրորդ շրջանում, պարզապես տուրք է տվել Կ-ի ուսմունքին, գտնելով, որ էմպիրիզմը և ռացիոնալիզմը, առանձին վերցրած բավարար չեն գիտական իմացության տրամաբանությունը բացահայտելու համար: Նա Կ-ի փիլիսոփայությունը ներկայացրել է որպես բեկոնյան սենսուալիզմի և ապրիորիզմի յուրատեսակ զուգակցում: Կրոնաիդեալիստ մտածողները (Ավ. Գուրգենյան, Պ. էմմանուելյան, Գ. Աշըգյան և ուրիշներ) բարձր են գնահատել Կ-ի ուսմունքը և նպաստել տարածմանր, այսուհանդերձ այդ փիլիսոփայությանն անդրադառնալու բուն նպատակը կրոնի գոյության տեսական հիմնավորումն էր: Հայ մտավորականները փորձել են նաև գնահատել Կ-ի տեղը փիլ. ուղղությունների մեջ: Ոմանք նրան բնորոշողը համարել են ռացիոնալիզմը (Ա. Բագրատունի) կամ ապրիորիզմը (Ստ. Ոսկան), մյուսները՝ մատերիւպիզմը (Ա. Գարագաշյան) կամ սուբյեկտիվ իդեալիզմը (Մ. Վարդանյան):
Երկ.Кант И., Сочинения, т. 1— 6, М., 1963-66.
Գրկ. Карапетян А.А., Критический анализ философии Канта, Е., 1958 Асмус В. Ф., Иммануил Кант, М., 1973 Абрамян Л. А., Кантова философия математики, Е., 1978 Նույնի, Кант и проблема знания, Е., 1979.
Լ. Աբրահամյան, Ա. Թևոսյան
