ՀՍՀ/ԿԱՊԵՐՏ
ԿԱՊԵՐՏ, կարպետ, ձունձ, գործվածք: Գործում են հիմնականում բրդե, շատ դեպքերում՝ մազե, բամբակե, երբեմն՝ մետաքսե, վուշե, ոսկե թելերով կամ դրանց խառնուրդներով: Ցրտից պաշտպանվելու և դեկորատիվ նպատակներով փռում են հատակին, թախտին, աստիճաններին ու միջանցքներում, կախում պատից, գործածում իբրև վարագույր, վրանի, ձիու թամբի ծածկոց: Կ-ի գործվածքից պատրաստում են խուրջիններ, անկողնակալներ, պարկեր ևն: Կ. հնում գործածել են նաև տոնական օրերին պատշգամբը զարդարելու համար: Կ. գործում են տորքի (հաստոց) վրա: Հենքի ուղղահայաց ձգված միագույն թելերը ծածկվում են հորիզոնական ուղղությամբ գործող գունավոր միջնաթելերով, որոնցով և ստեղծվում են նախշերն ու ամբողջական հորինվածքը
Հայաստանի տարածքում ապրող բնակչությանը Կ. հայտնի է եղել դեռևս մ.թ.ա. II հազարամյակում (կապերտային գործվածքի պատառիկ է հայտնաբերվել Արթիկի բրոնզեդարյան դամբարաններից): Ուրարտ. Թեյշեբաինի (Կարմիր բլուր) բերդաքաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերվել են բրդաթելի կծիկներ և լաթի կտոր, որը մասնագետները, համեմատելով ժամանակակից Կ-ների հետ, պարզել են, որ եղել է կապերտային գործվածք, իսկ Անի քաղաքի պեղումներով հայտնաբերվել են միջնադարյան Կ-ի և կապերտային այլ գործվածքների պատառիկներ: Կապերտագործության զարգացման համար Հայաստանում կային բոլոր նպաստավոր պայմաններն ու նյութերը (բուրդ, այծի մազ, բամբակ, մետաքս, բուսական, կենդանական, հանքային ներկեր են): Միաժամանակ Հայաստանով էին անցնում Արևելքը Արևմուտքի հետ կապող միջազգային առևտրի խոշոր ճանապարհները, որը և նպաստում էր Կ-ներ գործելուն և արտահանելուն: Հայ մատենագրության մեջ Կ. բառը գործածվել է սկսած V դ., իսկ X—XIII դդ. միջազգային առևտրի շնորհիվ տարածվել է Եվրոպայում (ֆրանս. carpette, անգլ. carpet) և գործածվել գորգ իմաստով: Կ. գործել են Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում: Առանձնապես հարգի են եղել «Զիլե» կոչվող կ-ները (անվանումն ստացել են Աեբաստիայի կուսակալության համանուն քաղաքից) և օձակապերտները: Հայաստանից արտագաղթած հայերի միջոցով Կ-ների շատ զարդամոտիվներ, ամբողջական հորինվածքներ և կապերտագործության եղանակները տարածվեցին նաև հայկ. գաղթավայրերում (Լվով, Մոլդավիա, Ռումինիա, Լեհաստան ևն), ուր մինչև XVIII դ. շարունակում էին հայկ. կապերտագործության ավանդույթները: Կապերտագործությունը, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արևելքի շատ երկրներում, առավելապես տնային արհեստ էր, որով զբաղվում էին հիմնականում կանայք ու աղջիկներ, երբեմն՝ նաև տղամարդիկ: Կ. մեծ մասամբ պատրաստել և գործածել են միջին խավի բնակիչները, իսկ չքավորներն օգտագործել են պարզ նախշերով կամ առանց նախշերի Կ-ներ: Հայկ. Կ-ների մեջ, ըստ գործելու եղանակների, հայտնի են մեզարը, ջեջիմը, մատնաքաշ, երկու երեսանի մատնաքաշ, շուլալ, ուղիղ օդաճիտ փաթաթովի, թեք օդաճիտ փաթաթովի և ծոպերես Կ-ները՝ յուրահատուկ նախշերով ու հորինվածքով: Հայկ. Կ-ների զարդամոտիվները, լինելով բարդ ու բազմազան, հիմնականում արտահայտում են բնակչության տնտեսությունը (մանգաղ, հասկ ևն), առասպելական կենդանիների ու երևույթների վերաբերյալ ժողովրդական պատկերացումները, կոնկրետ պատմաաշխարհագրական միջավայրի բնակչության գեղագիտական ճաշակը: Աչքի են ընկնում հավատ և պաշտամունք (տոտեմական ևն), արև, լուսին և այլ երկնային մարմիններ խորհրդանշող զարդամոտիվները, մարդկանց, կենդանիների ուրվագծային պատկերները, բուսական նախշերը (կենաց ծառ, վարդյակներ, ծաղիկներ ևն), որոնցից շատերն ունեցել են մոգական (չար աչքից պահպանելու) իմաստ: Հայկ. Կ-ների վրա վերարտադրվել են նույնիսկ հնագույն ժայռապատկերների նմանակումներ: Կ-ներն ու կապերտային գործվածքից իրերը անցյալում եղել են նվիրատվության և նորահարսի օժիտի առարկաներ:
Գրկ. Քյուրտյան Հ., Գորգը հայոց մեջ, Վնտ., 1947: Թեմուրճյան Վ. Ս., Գորգագործությունը Հայաստանում, Ե., 1955: Դավթյան Ս., Հայկական կարպետ, Ե., 1975: Ս. Դավթյան
