Jump to content

ՀՍՀ/ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՏԳՆՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՏԳՆՈՒՄ, կապիտալ ներդրումների արդյունավետության ցուցանիշ, որևէ ժամանակահատվածում կատարված կապիտալ ներդրումների և դրանց շնորհիվ ստացված շահույթի աճի հարաբերություն: Պրակտիկայում որոշվում է գերազանցապես համախառն ներդրումների համար: Կապիտալ ներդրումների ամբողջ ծավալի համար բնորոշում է ներդրումների բացարձակ արդյունավետությունը, ցույց է տալիս տարեկան շահույթի միավոր աճ ստանալու համար անհրաժեշտ կապիտալ ներդրումների չափը: Հաճախ օգտագործվում է կապիտալ ներդրումների համեմատական արդյունավետության ցուցանիշը, որը երկու համեմատվող տարբերակների կապիտալ ներդրումների տարբերության և այդ ներդրումների շնորհիվ ստացվող շահույթի աճերի տարբերության հարաբերությունն է: Եթե արդյունքի գինը համեմատվող տարբերակներում նույնն է, ապա ցուցանիշը որոշվում է տարբերակներում կապիտալ ներդրումների տարբերության և տարեկան արտադրական ծախսերի տարբերության հարաբերությամբ: Տարբերակներից լավագույնն ընտրելու համար նշված ցուցանիշը համեմատվում է Կ. ն. ե-ման նորմատիվի հետ: Կապիտալ ծախսումներիևդրանց արդյունքի ստացման ժամանակի միջև կա որոշ տեղաշարժ՝ ժամանակի յադ: Բացի այդ, ներդրումները կատարվում են ոչ միանգամից, այլ բաշխվում են տարվա ընթացքում: Այդ պատճառով յուրաքանչյուր միավոր ներդրում արդյունք կարող է տալ տարվա միայն մի մասի ընթացքում, ծախսումից հետո: Ուստի, Կ. ն. ե-ման ցուցանիշի որոշումը նույն ժամանակահատվածի (օրինակ, տարվա) համար կարող է նվազեցնել արդյունավետության իրական չափը: Նպատակահարմար է այն որոշել որևէ տարվա կապիտալ ներդրումները հարաբերելով հաշորդ տարվա շահույթի աճին, եթե ուսումնասիրվում է մի շարք տարիների Կ. ն. ե-ման ընդհանուր ցուցանիշը՝ կապիտալ ներդրումների ամբողջ ծավալը հարաբերել հավասար (սակայն ներդրումների սկզբի նկատմամբ հաջորդ տարվանից սկսած) ժամանակահատվածում շահույթի աճին:

Բ. Եղիազարյան