ՀՍՀ/ԿԱՊՈՒՏԱՆ ՀՍՍՀ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՐՋԱՆ
ԿԱՊՈՒՏԱՆ, գյուղ Հայկական ՄՄՀ Աբով-յանի շրջանում, շրջկենտրոնից 8 կմ հյուսիս-արևելք: Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրաների և ծխախոտի մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կինո, մանկապարտեզ, բուժկայան: Գյուղի հս-արմ. կողմի բարձր բլրի գագաթին կանգուն է Կապտավանք եկեղեցին (1349), կառուցված սրբատաշ բազալտից: Հորինվածքով պատկանում է Հայաստանի երկհարկ եկեդեցիների տիպին (Եղվարդ, Ամաղուի Նորավանք, Կարբի): Առաջին հարկը ուղղանկյուն դահլիճ է, բեմի կիսաշրջան աբսիդով, իսկ երկրորդը խաչաձև է, գմբեթով պսակված (չի պահպանվել): Երկրորդ հարկ են բարձրացել արմ. ճակատի քարե պահունակային և փայտե լրացուցիչ աստիճաններով: Հարդարված են երկու հարկերի արմ. ճակատներում բացվող դռների շքամուտքերը՝ ձևավորված ուղղանկյուն շրջանակի մեջ ներգծված սլաքաձև կամարով: Կ-ում կա խաչքարերով գերեզմանոց:
