Jump to content

ՀՍՀ/ԿԱՌԱՉՉԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՌԱՉՉԻ (Caracci), իտալացի նկարիչների ընտանիք, Բոչոնիայի դպրոցի և ակադեմիզմի ներկայացուցիչներ: Լոդովիկո Կ. (1555—1619) և նրա հորեղբորորդիներ Ագոստինո Կ. (1557—1602) ու Աննիբալե Կ. (1560—1609) սովորել են Բոլոնիայում: Էկլեկտիկորեն համադրելով Կոռեջոյի, Միքելանջելոյի, Տինաորետտոյի ստեղծագործական սկզբունքները՝ ստեղծել են մաներիզմին հակադրվող սեփական ոճ: 1585-ին Բոլոնիայում հիմնել են «ճիշտ ուղի ընտրածների ակադեմիան», որը կարևոր դեր է խաղացել արվեստի ակադեմիական սկզբունքների մշակման գործում: Ուսուցման նրանց մեթոդում զուգորդվում էին Բարձր Վերածննդի վարպետների արտահայտչամիջոցներին ձևականորեն հետևելու ոգով բնորդի ուսումնասիրումն ու իդեալականացումը: Կ-ները ստեղծել են եկեղեցու բեմի պատկերի նոր տիպ, որն աչքի է ընկնում մոնումենտալությամբ, շարժումների տպավորիչ կրճատումներով: Համատեղ կատարել են Բոլոնիայի պալատների մի շարք որմնանկարներ (Ֆավի Պալացցո, 1580—85): Եղբայրներից նշանավորը Աննիբալե Կ. էր: Ստեղծել է կենցաղային հորինվածքներ, դիմանկարներ («Ինքնադիմանկար», 1590-ական թթ., էրմիտաժ, Լենինգրադ), բնության վեհությունն ու ներդաշնակությունն ընդգծող բնանկարներ: