ՀՍՀ/ԿԱՌՆԱՊ
ԿԱՌՆԱՊ (Carnap) Ռուդոլֆ (1891— 1970), գերմանա-ամերիկյան փիլիսոփա և տրամաբան: Պրագայի գերմանական համալսարանի պրոֆեսոր (1931—35): 1935-ին գաղթել է ԱՄՆ: Չիկագոյի (1936—52) և Կալիֆոռնիայի (1954-ից) համալսարանների պրոֆեսոր, Ամերիկյան ԳԱ անդամ: Փիլիսոփայության հիմնական խնդիրը համարելով մաթ. տրամաբանության ապարատի միջոցով գիտության ելակետային հասկացությունների ճշգրտումը՝ Կ. սահմանափակել է նրա առարկան գիտելիքի կառուցվածքային վերլուծությամբ, դրանով իսկ մերժելով փիլիսոփայության աշխարհայացքային բնույթը: Ժխտել է գիտության լեզվի և մատերիական օբյեկտների միջև եղած կապերի գիտական բացահայտման հնարավորությունը, գիտության տրամաբանությունը սահմանափակել հասկացությունների, նախադասությունների ու տեսությունների միջև գոյություն ունեցող կապերի զուտ ձևաբանական վերլուծությամբ: Հետագայում նա լրացրել է այդ վերլուծությունը իմաստաբանական տեսությամբ, ինդուկտիվ տրամաբանությունը ներկայացրել է որպես հավանականային տրամաբանություն, զարգացրել է մոդալ տրամաբանության իմաստաբանական մեկնաբանությունը ևն, որոնց արդյունքներից շատերը կիրառվել են կիբեռնետիկայում: Կ-ի վերջին շրջանի աշխատություններում ակնհայտ են բնագիտական-մատերիալիստական միտումները, որոնք, սակայն, անհրաժեշտ զարգացում չեն ստացել:
Երկ. Значение и необходимость, М., 1959 Философские основания физики. Введение в философию науки, М., 1971.
Գրկ. Нарский И.С, Современный позитивизм, М., 1961 Смирнов В. А., О достоинствах и ошибках одной логико-философской концепции, в кн.: Философия марксизма и неопозитивизм, М., 1963.
Ս. Ավետիսյան
