ՀՍՀ/ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ, ստրուկտուրա (լատ. structura), որևէ ամբողջի մասերի կապի կամ դասավորության եղանակ: Փիլիսոփայության մեջ՝ որոշակի բովանդակության ներքին կազմակերպվածության եղանակ (տես Ձև և բովանդակություն), նեղ և հատուկ իմաստով՝ համակարգված օբյեկտի առարկայական տարրերի միջև հարաբերությունների ամբողջությունը, որը համեմատաբար ինքնուրույն կերպով որոշում է նրա բնույթը (տես Համակարգ): Կ-ի, որպես հարաբերությունների համակարգի, հարաբերական անկախությունը իրական է այն չափով, որքանով համակարգային օբյեկտի տարրերը կարող են դիտարկվել ուղղակի որպես հարաբերությունների կամ ֆունկցիաների կրողներ: Դա էլ հնարավոր է դարձնում Կ-ի հետազոտումը տարրերի որոշակիությունից վերանալով: Ընդ որում, սովորաբար ցանկալի է համարվում Կ-ի ներկայացումը այնպիսի վերացարկված ձևով, որը թույլ է տալիս ձևական, տրամաբանական-մաթեմատիկական մեթոդների կիրառումը (տես նաև Ստրուկտուրալիզմ):
Լ. Աբրահամյան
