Jump to content

ՀՍՀ/ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ, շինարարական մեխանիկայի բաժին, զբաղվում է կառույցների կայունության հաշվարկման մեթոդների և սկզբունքների մշակմամբ: Բեռնվածքի ազդեցությամբ կառույցները պետք է գտնվեն կայուն հավասարակշռության մեջ, այսինքն, եթե արտաքին գործոնները կառույցը (կամ դրա տարրերը) հանել են հավասարակշռության վիճակից, ապա դրանց վերացումից հետո համակարգը պետք է վերադառնա իր նախնական վիճակին: Կառույցի հավասարակշռված վիճակի կայունությունը կախված է բեռնվածքի մեծությունից: Համակարգի դուրս գալը նախնական հավասարակշռված վիճակից կոչվում է կայունության կորուստ: Բեռնվածքը, որի փոքր-ինչ մեծացումն առաջացնում է կայունության կորուստ, կոչվում է կրիտիկական: Տարբերում են Կ. կ-յան երկու տիպի կորուստ: Առաջին դեպքում կայունության կորստի պահին առաջանում են նոր դեֆորմացիաներ, որոնք որակապես տարբերվում են կառույցի նախնական դեֆորմացիաներից: Երկրորդ դեպքում բեռնվածքի մեծացումն առաջացնում է միայն դեֆորմացիաների մեծացում: