Jump to content

ՀՍՀ/ԿԱՌՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՌՔ (լատ. karrus), մարդատար երկանիվ կամ քառանիվ սայլ: Կ-ին լծում էին մեկ հատ կամ մեկ և ավելի զույգ ձի կամ ջորի: Կ-երը թեթևացնելու, շարժունակությունը բարելավելու նպատակով զանգվածեղ անիվներն աստիճանաբար փոխարինվել են ճաղավոր անիվներով և շրջափակվել սկզբում կաշվե, իսկ հետագայում մետաղյա անվադողերով: Կ-երը եղել են անծածկ և ծածկավոր: Օգտագործվել են հեռավոր ճամփորդությունների, փոստային առաքումների համար, ռազմ, գործողությունների (տես Մարտակառք), շքահանդեսների, հուղարկավորության և այլ ծեսերի ժամանակ, ինչպես և սպորտային մրցույթներում: Հայտնի են ծիսական ու մարտական Կ-երի մի քանի տասնյակ նմուշներ (Միջագետքի Կիշ և Ուր քաղաքների, Հայաստանի Լճաշեն, Վրաստանի Թրիալեթ հնավայրերի ևն), որոնք պեղված են մ.թ.ա. III և II հազարամյակներին վերաբերող հարուստ դամբարաններից: Եվրասիայի և Հյուսիսային Աֆրիկայիտարածքում հայտնաբերվեյ են նաե Կ-երի կավե և բրոնզե բազմաթիվ մոդելներ, բարձրաքանդակներ, որմնանկարներ ևն: Սկսած XV—XVI դդ. Եվրոպայում լայնորեն օգտագործվել են ծածկավոր և անծածկ Կ-երի զանազան տեսակներ (դիլիժանս, կառեթ, ֆայտոն ևն), որոնք աստիճանաբար տարածվել են մյուս մայրցամաքներում: Փոխադրամիջոցների կատարելագործման հետևանքով Կ. այժմն գրեթե չի գործածվում:

Լ. Պետրոսյան