ՀՍՀ/ԿԱՍՏՐՈ ՌՈՒՍ ՖԻԴԵԼ
ԿԱՍՏՐՈ ՌՈՒՍ (Castro Ruz) Ֆիդել (ծն. 13.8.1927, Բիրան, Օրիենտե պրովինցիա), Կուբայի պետական, քաղաքական և ռազմական գործիչ, Կուբայի հեղափոխական զինված ուժերի մայոր: 1949-ին ավարտել է Հավանայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1950-ական թթ. սկզբներին մտել է Կուբայի ժողովրդի («Օրթոդոքսների») կուսակցության մեջ: 1952-ի մարտի ռեակցիոն պետ. հեղաշրջումից հետո հաստատված դիկտատուրայի դեմ պայքարի ընթացքում «Օրթոդոքսների» կուսակցությունը աստիճանաբար քայքայվեց: Սակայն Կ. Ռ-ին հաջողվեց փոքրիկ խմբում միավորել կուսակցության նախկին անդամների և շարունակել պայքարը գեներալ Բատիստայի դիկտատուրայի դեմ: 1953-ի հուլիսի 26-ին խումբը Սանայագո-դե-Կուբայում հարձակում գործեց Մոնկադա զորանոցների վրա: Ելույթը դաժանորեն ճնշվեց: Կ. Ռ. դատապարտվեց 15 տարվա բանտարկության, սակայն 1955-ին ամնիստիայով ազատվեց և տարագրվեց Մեքսիկա: 1956-ին հեղափոխականների խմբով ափ ելավ Օրիենտե նահանգում: Խումբը աստիճանաբար վերածվեց ապստամբական բանակի և պարտիզանական պայքար ծավալեց դիկտատորական վարչակարգի դեմ: Հեղափոխության հաղթանակից հետո Կաբայում իշխանության գլուխ անցան դեմոկրատական ուժերը: 1959-ի փետրվարից Կ. Ռ. Կուբայի Հանրապետության հեղափոխական կառավարության պրեմիեր մինիստրն է, 1965-ից՝ Կուբայի կոմկուսի ԿԿ-ի առաջին քարտուղարը: Կ. Ռ. Մոսկվայի պետ. համալսարանի պատվավոր դոկտոր է, «ժողովուրդները միջև խաղաղությունն ամրապնդելոլ համար» միջազգային լենինյան մրցանակի դափնեկիր (1961), Սովետական Միության հերոս (1963): Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1972):
