ՀՍՀ/ԿԱՎԱԼԵՐՈՎԻՉ
ԿԱՎԱԼԵՐՈՎԻՉ (Kawalerowicz) Եժի (ծն. 19.1.1922, Գվոգդեց, Ուկրաինա), լեհ կինոռեժիսոր և սցենարիստ: Ավարտել է Կրակովի կինոինստիտուտը (1946) և Գեղեցիկ արվեստների ակադեմիան (1948): 1955—68-ին ղեկավարել է «Կադր» ստեղծագործական միավորումը: 1966-ից լեհ կինեմատոգրաֆիստների միության նախագահն է: Կ-ին առաջին հաջողությունը բերել է «Ցելյուլոզ» (1954, սովետական էկրաններում՝ «Կյանքի ճանապարհը») և «փռյուգիական աստղի ներքո» (1954) դիլոգիան՝ նվիրված լեհ աշխատավորության դասակարգային ինքնագիտակցության արթնացմանն ու պայքարին: Սուր արկածային ոճով նույն թեման է շոշափում «Ստվեր» (1956, սովետական էկրաններում՝ «Ո՛վ է նա») ֆիլմը: Պատերազմի ողբերգական հետևանքների մասին է պատմում «Մեծ պատերազմի իսկական վերջը» (1957, սովետական էկրաններում՝ «Դա չի կարելի մոռանալ») կինոնկարը, իսկ «Գնացք» (1959), «Մայրապետ Իոհաննան ի հրեշտակաց» (1961) և «փարավոն»(1965) ֆիլմերը հոգեբանական-փիլիսո-փայական բնույթի աշխատանքներ են: ԼԺՀ պետ. մրցանակի դափնեկիր է (1950, 1955):
Է. Մանուկյան
