ՀՍՀ/ԿԱՎՃԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ
ԿԱՎՃԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ (Սիստեմ), մեզոզոյան դաոաչոջանի երրորդ (վերջին) ժամանակաշրջանը: Անունն ստացել է Եվրոպայում այդ հասակի նստվածքներում տարածված սպիտակ, սովորական գրելու կավճից: Տևողությունը մոտ 70 մլն տարի է (սկիզբը՝ 135—137 մլն, վերջը՝ 65—67 մլն տարի առաջ): Որպես ինքնուրույն երկրաբանական ժամանակաշրջան առանձնացվել է 1822-ին, փարիզի ավազանում, որտեղ և մշակվել է նրա շերտագրական ստորաբաժանման սխեման (տես աղյուսակը):
| Բաժիններ | Հարկեր |
|---|---|
| վերին (ուշ) կավիճ K₂ | Դանիական
Մաաստրիխտի Կամպանի Սանտոնի Կոնյակի Տուրոնի Սենոմանի Ալբի Ապտի |
| ստորին (վաղ) կավիճ K₁ | Բարեմի
Հոտերիվի Վալանժինի Նեոկոմ Բերիասի |
Կավճի հասակի ապարները տարածված են բոլոր մայր ցամաքներում, հորատանց-քերով հայտնաբերված են նաև օվկիանոսների հատակում: Յուրայի վերջում ուժգին արտահայտված տեկտոնական շարժումների պատճառով կատարվել է ծովերի նահանջ (ռեգրեսիա): Դրա հետևանքով էլ վաղ կավճում մայր ցամաքների զգալի մասը ցամաք է եղել (ծովային ռեժիմ գոյություն է ունեցել Ալպ-Հիմալայան և խաղաղօվկիանոսյան գեոսինկլինալային գոտիներում): Ուշ կավճում կատարվել է Երկրի պատմության մեջ ամենախոշոր տրասսգրեսիաներից մեկը: Ցամաքները կրկին ծածկվել են ծովերով, ուր կուտակվել են մեծ հզորության կարբոնատային և կավա-ալևրոլիտային նստվածքներ: Կ. ժ-ի վերջում (Դանիական հարկ) կրկին կատարվել են ծալքավոր ու վերընթաց տեկտոնական շարժումներ, ծովերի գլոբալ մասշտաբի նահանջ, լեռնակազմություն՝ հատկապես Խաղաղօվկիանոսյան և Ալպ-Հիմալայան գեոսինկլինալներում: Տեկտոնական շարժումներն ուղեկցվել են ուժգին հրաբխականությամբ (Արևելա-ասիական հրաբխային գոտի, Հնդկասն, Աֆրիկա): Ցամաքներում, բուսական աշխարհում տիրապետող են եղել ձարխոտերն ու մերկասերմերի որոշ խմբեր: Ուշ կավճում գերակշռել են ծաղկավոր բույսերը: Կ. ժ-ի ծածկասերմ բույսերից շատերը (մագնոլիա, դափնի, սոսի, կաղնի) աչքի ընկնող տեղ են գրավում նաև ժամանակակից բուսական .ծածկոցում: Ցամաքային ողնաշարավոր ֆաունայի կազմում հանդես են գալիս խոտակեր և գիշատիչ սողուններն ու թռչող մողեսները: Ծովերում լայնորեն տարածվել են ամոնիտներն ու բելեմնիտները: Ծովային ողնաշարավորներից բնորոշ են եղել ոսկրային ձկները, խոշոր երկկենցաղները, մողեսները: Կ. ժ-ի վերջում օրգանական աշխարհում արմատական փոփոխություններ են կատարվել: Մահացել են մեզոզոյան դարաշրջանին բնորոշ ամոնիտները, բելեմնիտները, ինոցերամները: Կենդանական աշխարհի կազմում նման փոփոխությունները կարևոր փաստարկ են մեզոզոյան և կայնոզոյան դարաշրջանների սահմանները որոշելիս: ՍՍՀՄ-ում Կ. ժ-ի նստվածքները լայնորեն տարածված են Ռուս, ու Սիբիրական պլատֆորմներում, հարավի ալպիական գոտում (Ղրիմ, Կովկաս), Անդրբայկալում, Սիխոտե-Ալինում: Կավճի հասակի նստվածքները պարունակում են ածխի (Սիբիրական պլատֆորմ, Անդր-բայկալ, հյուսիսային Ամերիկա), նավթի ու գազի (Արևմտյան Սիբիր, Նախակով-կաս, Միջին Ասիա, ԱՄՆ, Մեքսիկա) խոշոր հանքավայրեր, աղեր, բոքսիտներ: Արևելյան Ասիայում, Կորդիլիերներում կավճի հասակի ինտրուգիաների հետ կապված են ոսկու, արծաթի, անագի, կապարի և այլ մետաղների օգտակար հանածոներ: Հայկական ՍՍՀ-ում վաղ կավճի նստվածքներ քիչ են տարածված (Իջևանի շրջան, Զանգեզուր), իսկ ուշ կավճի գոյացումները ծածկում են հանրապետության տարածքի զգալի մասը: Վերին կավճի տրանսգրեսիան Հայաստանում և ընդհանրապես ամբողջ Կովկասում եղել է ամենախոշորը բոլոր տրանսգրեսիաներից: Համեմատաբար հանգիստ տեկտոնական ռեժիմը նպաստել է ցամաքներում (կղզիներ, թերակղզիներ) հարթ ռելիեֆի ստեղծմանը, որն իր հերթին պայմանավորել է ծովերում կարբոնատային նստվածքների գերակշռմանը: Հյուսիսային Հայաստանում ուշ կավճի հրաբխանստվածքային գոյացումների հետ գենետիկորեն կապված են ագատի և բենթոնիտային կավերի հանքավայրեր:
Գրկ. Страхов Н. М., Основы исторической геологии, 3 изд., ч. 2, М.—Л., 1948 Жинью М ., Стратиграфическая геология, пер. с франц., М., 1952 Геология Армении, т. 2, Стратиграфия, Е., 1964.
