ՀՍՀ/ԿԱՏԱԿԵՐԳԱԿԱՆԸ
ԿԱՏԱԿԵՐԳԱԿԱՆԸ, գեղագիտության կատեգորիա, արտացոլում է մարդկային երեվույթների բովանդակության և ձևի միջև առկա այնպիսի հակասությունները, որոնք ի հայտ են բերում տվյալ երևույթի ներքին անլիարժեքությունը, թերություններըևարատները: Կ-ի անմիջական արդյունքը ծիծաղն ու երգիծական վերաբերմունքն է: Կ-ին բնորոշ հակադրության բազմազան ձևերը կարող են դրսևորվել խոսքի և գործի, նպատակի և միջոցների, գործողության և համոզմունքների անհամապատասխանության մեջ: Սակայն բոլոր դեպքերում դրանով բացահայտվում է, որ տվյալ երևույթը կամ անձնավորությունը այն չէ, ինչ հավակնում է երևալ արտաքնապես: Մարքս-լենինյան գեղագիտությունը Կ. դիտում է իբրև հասարակական հակասությունների արդյունք, իսկ երգիծական վերաբերմունքը կյանքում և արվեստում՝ այդ հակասությունները հաղթահարելու, հնացած և վնասակար երևույթները պսակազերծելու գործուն միջոց: Որպես գեղագիտական երևույթ և իրականության նկատմամբ հատուկ հուզական վերաբերմունք, Կ. կարող է դրսևորվել արվեստի բոլոր ձևերում (բացի ճարտարապետությունից): Կ. առավել չափով հատուկ է կատակերգությանը, նաև վոդևիլին, առակին, էպիգրամին, ֆելիետոնին, պամֆլետին և այլ ժանրերի: Ծաղրվող երևույթի հասարակական բովանդակությունից և նրա նկատմամբ սուբյեկտի վերաբերմունքի տարբերությունից բխում են Կ-ի բազմազան երանգներ ու ձևեր, պատկերի կառուցման եղանակներ՝ հումոր, հեգնանք, սատիրա, սարկազմ ևն: Կի գեղարվեստական արտացոլման, նրա էության բացահայտման ու ընդգծման համար օգտագործվում են չափազանցությունը, փոքրացումը (լիտոաա), գրոտեսկը:
Է. Ջրբաշյան
