Jump to content

ՀՍՀ/ԿԱՏԱՐՍԻՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՏԱՐՍԻՍ, Կաթարսիս (հուն.,—քավություն), բարոյափիլիսոփայական և գեղագիտական հասկացություն, մաքրագործում, ապաքինում, ֆիզիկական ցավի կամ հոգեկան տառապանքի թոթափում: Կ-ի գաղափարը որոշարկվել է անտիկ մտածողության մեջ. «քավությունը լավագույնի գերծումն է վատագույնից» (Պլատոն): Արիստոտելը այս հասկացությամբ է սահմանում արվեստի երկերի, մասնավորապես ողբերգության հոգեբանական-գեղագիտական նպատակը, «հանդիսականների մեջ երկյուղ և կարեկցություն առաջ բերել և դրանց միջոցով քավել այդ և համանման կրքերը» (Պոետիկա, գլ. 6): Ուշ անտիկևվաղ միջնադարյան միտքը փոխակերպել է արիստոտելյան ըմբռնումը՝ Կ-ի գաղափարը ընդհանրացնելով կրոնա-բարոյական հիմքի վրա՝ հաշտություն աղետի ու մահվան գիտակցության հետ: Դա արտահայտված է բյուգանդական և միջնադարի հայ հեղինակների հայացքներում («Գիրք պիտսյից», Դիոնիսիոս Թրակացու «Քերականության» մեկնություններ): Այնուհետև, եվրոպական փիլիսոփայական-գեղագիտական միտքը բազմիցս անդրադարձել (, արիստոտելյան տեսակետի մեկնությանը, շեշտելով նրա՝ մի դեպքում բարոյագիտական (Կոռնել, Լեսինգ), այլ ղեպքում՝ գեղագիտական (Գյոթե, Հեգել) և հոգեբանական (է. Մյուլլեր, Ցա. Բեոնսյս) հայեցակետերը: Ըստ նոր և նորագույն բացատրությունների (Գ. Օտտե, Ջ., է. Ցելլեր, Լ. Վիգոդսկի, Ն. Նովոսադակի, Բ. Վառնեկե, Ա. Գրուշկա և ուրիշներ)՝ երկյուղի և կարեկցության զգացումների ուժեղացումը հանգեցնում է հոգեբանական լիցքաթափման ու թեթևվաման, քավությունը բացասական աֆեկտների հաղթահարումն է, նրանց վերածումը դրականի կամ իրական զգացումների փոխակերպումը գեղագիտականի:

Գրկ. Հովհաննիսյան Հ., Ողբերգության որպես գրական տեսակի ըմբռնումը Դիոնիսիոս Թրակացու հայ մեկնություններում, «ԲՄ». 1971, 10: Лосев А.Ф., Очерки античного символизма и мифологии, т. 1, М., 1930, с. 728— 34 (ունի մատենագիտություն): Адамян А., Эстетические воззрения средневековой Армении, Е., 1958.

Հ. Հովհաննիսյան