ՀՍՀ/ԿԱՐԱԿԱԼԼԱ
ԿԱՐԱԿԱԼԼԱ Մարկոս Ավրելիոս Անտոնինոս (Marcus Aurelius Antoninus Caracalla) (186—217), հռոմեական կայսր 211-ից: Սևերոսների դինաստիայից Սեպտիմոս Սևերոսի որդին: 212-ին, սպանելով եղբորը, գահակալել է ինքնուրույն: Դրամա-հարկային համակարգը կարգավորելուևամբողջ բնակչությունից հարկ գանձելու նպատակով, կայսրության ազատ բնակչությանը տվել է հռոմ. քաղաքացիության իրավունք: Երկու արշավանք է կատարել Պարթևաստան: Երկրորդի ժամանակ կ-ին սպանել է պրետորիականների հրամանատար Մակրինոսը: Կ. 215-ին, Հայոց արքա Խոսրով Ա-ի (198—215) և նրա որդիների միջև, ծագած վեճը հարթելու պատրվակով, Խոսրով Ա-ին և նրա ընտանիքի անդամներին հրավիրել է Անտիոք, ձերբակալել է և ուղարկել Հռոմ: Այնուհետև զորք է ուղարկել Հայաստան՝ ճնշելու Հռոմի դեմ ծագած ապստամբությունը, սակայն հայերը ջախջախել են այդ զորքը և վտարել երկրից:
