ՀՍՀ/ԿԱՐԱՆՏԻՆ
ԿԱՐԱՆՏԻՆ (իտալ. quarantena, quaranta qiorni—քառասուն օր) .բժշկության մևշ, միջոցառումների համակարգ, կիրառվում է համաճարակի օջախից վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու (տես Կանխարգելոսէ) և օջախը վերացնելու նպատակով: Կ. առաջին անգամ կիրառվել է XIV դ. Իտալիայում, որտեղ ժանտախտի նկատմամբ ոչ ապահով վայրերից ժամանած նավերը խարսխակայանում պահվում էին 40 օր (այստեղից էլ՝ անվանումը): Հետագայում Կ. սկսեցին կիրառել այլ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի համար: XIX դ. կատարվեցին կարանտինային միջոցառումների միջազգային համաձայնության առաջին փորձերը՝ ժանտախտի, խոլերայի, դեղին տենդի, բնական ծաղկի տարածման դեմ պայքարելու նպատակով: Այդ միջոցառումների մշակման համար առաջին միջազգային կոնֆերանսը տեղի է ունեցել Փարիզում, 1851-ին: Կ-ի վերաբերյալ ժամանակակից միջոցառումները կարգավորվում են միջազգային սանիտարական կանոններով, որոնք ընդունվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության 4-րդ նստաշրջանում, 1951-ին (1956 և 1957-ին կատարված ուղղումներով): Արտասահմանից վարակիչ հիվանդությունների ներթափանցման և նրանց տարածման դեմ պայքարելու նպատակով ՍՍՀՄ-ում ՍՍՀՄ տարածքի սան. պահպանման նպատակով կիրառվում են վարչա-սանիտարական և բժշկասանիտարական կարանտինային միջոցառումներ: Կ-ի կարող են ենթարկվել տները, հանրակացարանները, նավերը, զորամասերը, գնացքները, բնակավայրերը, ամբողջ շրջաններ և տեղանքներ: Երկրի ներսում վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով Կ. նախատեսում է՝ հայտնաբերել և մեկուսացնել հիվանդներին, բացիլակիրներին, չթույլատրել հաճախելու դպրոցներ և այլ մանկական հիմնարկներ, բացիլակիրներին և վարակիչ հիվանդների հետ շփվալներին, մի շարք սանիտարական միջոցառումներ՝ սան. մշակում, վարակազերծում, իմունացում: Կարանտին անասնաբուժական. անասնաբուծության մեջ հնարավորություն է տալիս կանխել կենդանիների վարակիչ հիվանդությունների տարածումը: Սահմանվում է վարակիչ հիվանդություններ (դաբաղ, սիբիրախտ, ժանտախտներ, խոշոր եղջերավորների խշխշան պալար, խլախտ, վարակիչ սակավարյունություն, խոզերի կարմրախտ, ոչխարների ծաղիկ, պաստերելիոզ, միկոպլազմոզ, իշխան ձկան դիսկոկոտիլոզ ևն) հայտնաբերելիս: Կարանտինային հիվանդությունների ցուցակը հաստատված է ՍՍՀՄ անասնաբուժական կանոնադրությամբ: Այն փոփոխում կամ լրացնում է ՍՍՀՄ գյուղմինիստրությունը՝ հրատարակելով համապատասխան հրահանգներ: Հիվանդության տարածման բնույթից ելնելով՝ անասնաբուժական կարանտին սահմանվում է առանձին բակերի, հոտի, կերահրապարակի, ջրամբարների, տնտեսությունների կամ դրանց բաժանմունքների համար: Սահմանվում կամ հանվում է գլխավոր անասնաբույժի առաջարկով՝ ժողովրդական դեպուտատների շրջանային (քաղաքային) սովետի Գործկոմի որոշմամբ: Կ-ի պահպանման պատասխանատուն տնտեսության կամ ձեռնարկության ղեկավարն է:
