ՀՍՀ/ԿԱՐԱՊԵՏ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ
ԿԱՐԱՊԵՏ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ, Կարապետ արքեպիսկոպոս մինչև վարդապետ ձեռնադրվելը՝ Հովհաննես Գրիգորի Բագրատունի, 18(30).5.1779, գ. Հունուտ (Սպերի գավառ)—3.6.1856, Ախալցխա, հայ եկեղեցական-հասարակական գործիչ: Նախնական կրթությունն ստացել է (1791-ից) Ակնի հոգևոր առաջնորդ Միքայել արքեպիսկոպոսի մոտ, այնուհետև Կ. Պոլսում ուսանել աստվածաբանություն, ճարտասանություն, քերականություն և լեզուներ: 1801-ին Ակնում ձեռնադրվել է վարդապետ, ապա նշանակվել կարնոևԱկնի վիճակների վանքապատկան կալվածների հոգաբարձու, 1808-ից՝ Կարնո հայոց հոգևոր թեմի առաջնորդ: Արքեպիսկոպոս է օծվել 1811-ին, Էջմիածնում՝ կաթողիկոս Եփրեմ և Զորագեղցուց: Կարնո թեմում ծավալել է տնտ. և հոգևոր-մշակութային արդյունավետ գործունեություն: Հիմնել է իր անունը կրող Կարապետյան վարժարանը: Մեծ ծառայություններ է մատուցել ռուս, զորքին ու արքունիքին՝ 1829-ին, Էրզրումի գրավման ժամանակ: Էրզրումի հայության անունից, քաղաքի մատույցներում դիմավորել և օրհնել է ռուս, բանակին: Երբ Ադրիանուպոլսի պայմանագրով (2.9.1829) Էրզրումի, Բայազետի և Կարսի փաշայությունները վերադարձվեցին Թուրքիային, Կ. Բ., վախենալով թուրքերի վրեժխնդրությունից, Էրզրումի և շրջակայքի հայության անունից, 29 պատվավոր քաղաքացիների հետ, Ի. Ֆ. Պասկևիչին է ներկայացրել (15.12.1829) աղերսագիր՝ խնդրելով թույլատրել տեղի հայերին՝ գաղթելու ռուս, կայսրության սահմաններր: Կ. Բ-ու հորդորանքով և առաջնորդությամբ 1829—1830-ին Էրզրումից և շրջակա հարյուրավոր գյուղերից մոտ 50 հգ. (7298 ընտանիք) հայ գաղթել և բնակություն է հաստատել Ախալցխայում, Ծալկայում, էոռիփամբակում և Շորագյալում: Կ. Բ-ի ջանքերով Էրզրում քաղաքի և շրջակա գյուղերի վանքերից ու եկեղեցիներից հավաքվել և Ախալցխա են տեղափոխվել հոգևոր-մշակութային արժեքներ (եկեղեցական սպասքներ, անոթներ, ձեռագրեր ու գրքեր, այդ թվում՝ «Ծուղրութի Ավետարան» ևն): Դրանք զետեղվել են Ախալցխայի նորակառույց (1835—37) Ս. փրկիչ եկեղեցում: Կ. Բ. տնտեսական-հասարակական և հոգևոր-մշակութային գործունեություն է ծավալել Ախալցխայում ու Ախալքալաքում՝ գաղթականներին նոր բնակավայրերում բնակեցնելու և նյութապես օգնելու համար: Կ. Բ-ու օժանդակությամբ ու մասնակցությամբ են ստեղծվել Ախալցխայի նոր աջափնյա մասը՝ Պլանը, 100-ից ավելի գյուղեր՝ Ախալցխայի, Աքալքալաքի, Ծալկայի գավառներում, մոտ 60 եկեղեցի, նոր Կարապետյան դպրոցը (1842—44, երկհարկանի, քարաշեն, այժմ՝ քանդված), Ախալքալաքի Ա. Մեսրոպյան արական դպրոցը ևն: 1837-ի հունվ. 20-ին Կ. Բ. նշանակվել է Վրաստանի Ա Իմերեթի հայոց հոգևոր թեմի առաջնորդ ու այդ պաշտոնում մնացել մինչև մահը: 1837-ի սեպտեմբերին Ախալցխայում դիմավորել և ընդունել է Անդրկովկասի նորանվաճ երկրամասերն այցելած Նիկոլայ I-ին: Կ. Բ-ու խնդրանքով կայսրը մեկ տարով ևս երկարաձգել է Ախալցխայի և Ախալքալաքի հայ գաղթականների՝ հարկեր չվճարելու արտոնությունը: Ռուս, կառավարությանը մատուցած ծառայությունների համար կ. Բ. պարգևատրվել է (20.10.1830) Ա. Աննայի առաջին աստիճանի շքանշանով: Թաղված էր Ախալցխայի Ս. փրկիչ եկեղեցու զավթում, որտեղից 1953-ին աճյունը տեղափոխվել է քաղաքային գերեզմանատուն:
Գրկ. Գեղամյանց Հ., Կարապետ արքեպիսկոպոս, «փորձ», 1876, 1: Պատմական քաղվածքներ (կազմ. Հ. Ե. Գեղամյանց), պրակ 3—4, Բաքու, 1909: Գալամոարյան Վ., Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունի, «Էջմիածին», 1956, 11— 12: Մ. Դարբինյան
